Իսպանիայի «Բարսելոնա» ակումբը դարձավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2015 թվականի հաղթողը։
Ակումբային ֆուտբոլի Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը Իտալիայի «Յուվենտուս»-ի հետ, որ կայացավ շաբաթ երեկոյան Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում, կատալոնացիները հաղթեցին 3:1 հաշվով։
Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց «Բարսելոնա»-ն՝ գոլի հեղինակ դարձավ Իվան Ռակիտիչը, 55-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց Թուրինի ակումբը՝ Ալվարո Մորատայի խփած գնդակով, 68-րդ րոպեին Լուիս Սուարեսը կրկին առաջ մղեց կատալոնացիներին, իսկ ավելացված րոպեներին Նեյմարը մեծացրեց հաշվի տարբերությունը։
«Բարսելոնա»-ն հինգերորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը։