Սպիտակի քաղաքապետարանի նորակառույց շենքի ետևում վագոն-տնակների շարքն է։ Վեց երեխաների մայր Նարինե Եղիազարյանը ստիպված է այստեղ վարձով բնակվել։ Բազմանդամ ընտանիքի տունը երկրաշարժի ժամանակ քանդվել է, դրա դիմաց պետությունից ստացած փոխհատուցումը՝ արժեզրկվել։ Եղած գումարով կարողացել են միայն երկրաշարժից տուժած երեխայի բուժման ծախսերը հոգալ։ Ավելի քան 20 տարի է՝ ստիպված են ժամանակավոր մի կացարանից մյուսը տեղափոխվել։
«Ձմեռվան կես եկա, նորից էս տունը ճարեցի, էս տանը նորից ապրեցի, էլի վարձը մնացել ա ինձ վրա: Հիմի էլ վարձը չեմ կարողանում տամ, արդեն 6-րդ ամսվա մեջ եմ մտնում, վարձը չեմ կարողացել տամ, տան տերը շատ լավ մարդ ա էլի, ամիսը 12 հազար դրամ տալիս եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:
Ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, սակայն ընտանիքին օգնել չի կարողանում։ «Հազիվ նախկին պարտքերն է փակում, երբեմն էլ մեկ պարկ ալյուրի գումար ուղարկում», - ասաց Նարինե Եղիազարյանը։ Ընտանիքն ապրում է 36 հազար դրամ անապահովության նպաստով։
«Եթե երեխեն օրվա ընթացքում 2-3 անգամ պիտի չսնվի, ինչի համար ա էդ երեխեն, ոնց ապրի էդ երեխեն, ոնց գոյատևի, մեղք են ըլնում․․․ Չենք ապրում է՝ ապրողներին ենք խանգարում, ուղղակի մեր երեխեքի գոյությունն ենք պաշտպանում, էդքան բան», - նշեց կինը:
Ընտանիքի միակ օգնությունը Սպիտակի բարեգործական ճաշարանն է։ Թեև այն ծերերի համար է նախատեսված, սակայն Նարինեն երեխաների հետ ստիպված է ամեն օր այստեղ գալ։ Ճաշացանկում այսօր բորշչ է և հնդկաձավարով փլավ։ Գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում բարեգործականի ճաշերը շատերն են ընտանիքի հիվանդ անդամների և երեխաների համար տանում։
«15 տարի էս գործած ճաշարանին եմ եկել, դրանից առաջ էլ ուրիշ ճաշարան էր բարեգործական, ընդեղ էի գնում, եկեղեցու ճաշարան, 93 թվից հիվանդանոցի պերեդաչի էլ եմ էսի արել, իմ ամուսնու պերեդաչին ա եղել։ 23 տարի, ստաժ ա իմը, ստաժ ունեմ, ճաշարանի ստաժ ունեմ ես: Բա ինչ ա, 23 տարեկան աղջիկ ա, ուսանող աղջիկ ա, ճաշարանի ճաշերով եմ պահում», - ասաց ճաշարանի այցելու մի կին:
Ճաշարանի այցելուներից շատերն են անօթևան։ «Կայծակից հեռուստացույցն անջատվում է, իսկ անձրևաջրերը տուն են լցվում», - ասում են նրանք։ Մի մասը հերթագրված է և նոր բնակարանի է սպասում, մյուսներն էլ, ովքեր 88-ի երկրաշարժի ժամանակ սեփական տներ են կորցրել, ինչպես Նարինեն, անգամ այդ հույսը չունեն։
«Հինգ տարի ա շինություն չի եղել, որտեղի՞ց տան, չկա, հինգ տարի Սպիտակում շինություն չի եղել, էս մարդը որտեղի՞ց տա, գնամ ուզեմ՝ որտեղի՞ց տա, շինարարությունը դադարեցված ա, շինություն չկա մեր մոտ, խեղճ քաղաքապետ, միայն իրանով ա, որ սահմանափակվենք իրանով», - ասաց քաղաքի մի բնակչուհի:
«Երկու սենյակը կորցրել եմ, երեք զոհ, ամուսինս, երեխեքս մեջին, հենա ասեցին, որ քեզ երկու սենյակը կտան, երկուսը շինեցին, երկուսը չտվեցին, քցեցին մեկի տակ, մի սենյակն էլ չկա մինչև հիմա, ասում ա՝ կշինենք, չգիտեմ՝ կշինեն, թե չէ, խնդրում եմ, գոնե շիֆեր բերեն, փակվի օբշի դոմիկներս, որ անձրևն ու բանը չթափի», - ասաց մեկ այլ կին:
Թեև իշխանությունները խոստացել էին մինչև 2013-ը աղետի գոտու խնդիրը լուծել, տեղում շինարարությունը կիսատ է մնացել։ Ավելին, եթե այն ավարտին հասցվի, Նարինե Եղիազարյանի ու նրա նմանների խնդիրը չի լուծվի, քանի որ սեփական տուն կորցրած ընտանիքների համար պետական ծրագիր դեռ չկա։ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սա կախված է պետության միջոցներից։
«Արդեն էս հարցը երևի ինձ չպիտի տաք, որովհետև էդ գործընթացը իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ինքն է կառուցում: Թե ինչու չի կառուցում՝ ես էս պահին գնահատականներ տալ չեմ կարող։ Էսօր մեզ մոտ մնացել է 80 շահառու մեկ սենյականոց բնակարանների համար, կարելի է ասել՝ ավարտված են երկու-երեք սենյականոց բնակարանների շահառուների խնդիրները, այսինքն՝ պետության պարտավորությունները կատարված են մեծամասամբ, մնացել է միայն մեկ սենյականոց բնակարանների խնդիրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետը:
Նարինեի նախկին տան տեղում հիմա ժանգոտած տնակ է։ Նա ասում է՝ շատ կցանկանար նույն տեղում տուն կառուցել, սակայն չի կարողանում անգամ վարձակալած կացարանի գումարը տալ։
Շուրջ 13 հազար բնակիչ ունեցող Սպիտակում այս պահին միայն մեկ գործարան է աշխատում՝ թռչնաբուծական ֆաբրիկան՝ 200 աշխատակցով։
Նոր աշխատատեղեր ստեղծելու ու բնակարաններ կառուցելու խոստումներին սպիտակցիներն առանձնապես չեն հավատում։ Հիշում են՝ դեռ 2008-ին՝ երկրաշարժի 20-րդ տարելիցի իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, թե հաշվված տարիներ անց աղետի բոլոր հետևանքները հաղթահարվելու են։ «Խնդիրը չեմ համարի լուծված, մինչև աղետից տուժած վերջին ընտանիքը չստանա իր բնակարանն ու արժանապատիվ կեցության պայմանները», - որպես նախագահ պաշտոնավարման դեռ առաջին տարում ասել էր Սերժ Սարգսյանը։