Ադրբեջանի կառավարության որոշմամբ ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը դադարեցնում է գործունեությունը: «Պաշտոնական Բաքուն մեկ ամիս ժամանակ է տրամադրել ԵԱՀԿ-ին` Ադրբեջանի մայրաքաղաքում աշխատանքն ավարտելու համար», - «Ազատության» հետ զրույցում նշել է կազմակերպության խոսնակ Շիվ Շարման` հավելելով, որ ադրբեջանական իշխանությունները որևէ կերպ չեն պատճառաբանել իրենց այս քայլը:
«Կառավարությունը մեզ պարզապես տեղեկացրել է ԵԱՀԿ-ի ծրագրերի համակարգողի գրասենյակը փակելու իր մտադրության մասին: Այժմ ԵԱՀԿ-ն քննարկում է հետագա անելիքները», - նշել է կազմակերպության խոսնակը:
Դեռ երկու տարի առաջ՝ Ադրբեջանի իշխանությունների ճնշմամբ, ԵԱՀԿ-ի ներկայության մակարդակը Բաքվում իջեցվել էր: Եթե նախկինում կազմակերպության տեղական գրասենյակը գործում էր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող մշտական ներկայացուցչի ղեկավարության ներքո, ապա վերջին տարիներին գրասենյակի գործունեությունը ղեկավարում էր ծրագրերի համակարգողը:
ԵԱՀԿ-ի գրասենյակի փակումը տեղի է ունենում կազմակերպության գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի Բաքու այցից մի քանի օր անց: