Մատչելիության հղումներ

Ընտանիքն ապրում է մոխիրների մեջ. տունն այրվել է, փոխհատուցում դեռ չեն ստացել


Սպիտակցի ընտանիքն ապրում է մոխիրների մեջ. տունն այրվել է, փոխհատուցում դեռ չեն ստացել
please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00

Սպիտակցի ընտանիքն ապրում է մոխիրների մեջ. տունն այրվել է, փոխհատուցում դեռ չեն ստացել

Շողիկ Պետրոսյանը մի քանի ամիս է ամուսնու հետ ստիպված բնակվում է մոխիրների մեջ՝ այրված տան մի անկյունում, հունվարի վերջին բռնկված հրդեհից միայն սառնարանն են կարողացել դուրս բերել: Ոստիկանները մինչ այժմ չեն պարզել հրդեհի պատճառը, արձանագրել են միայն, որ տան տերերը 200 հազար դրամի գույք են կորցրել։ Անգամ վարկած են առաջ քաշել, թե Պետրոսյաններն իրենք են հրդեհել տունը՝ նորը ստանալու հույսով։

«Հարևանս ճվաց, թե տունը վառվում է, դուրս եկեք, տանիքը բռնկվեց, մենք էլ դուրս եկանք։ Չէի պատկերացնում, որ տենց ահավոր կլինի։ Ինձ եկան ոստիկանները տարան խոսացրեցին, որ գրեն, եկավ ասաց ամբողջ գույքդ վառվել է, չէի հավատում։ Պաժառնու պետն ասում է, թե «որ տենց լինի, սաղ տները պաժառ կտան, թազա տուն կտան»։ Մթամ հինը շատ տվին, մնաց թազան տան», - «Ազատության» հետ զրույցում ասաց տանտիկինը։

Տանն այժմ խոնավությունից սունկ է աճում, սյուներն էլ քանդվում են։ Սեփական միջոցներով այն չեն կարողանում նորոգել, ամուսինն աղբահավաք բանվոր է, մանկուց հաշմանդամություն ունի։ Օգնության խնդրանքով Շողիկը վարչապետին էր դիմել, պատասխանել են՝ «Սպիտակում առանց այն էլ անօթևաններ շատ կան»։

«Նա էլ գրել է մարզպետին, որ անօթևան մարդկանց օգնի, մարզպետն էլ գրել է քաղաքապետին, սա էլ գրել է, որ օթևան չունենք, որտե՞ղ տուն տանք, վարձակալական հիմունքներով գնա ապրի», - պատմեց Շողիկ Պետրոսյանը։

Նա նշեց, որ չնայած սոցիալական ծանր վիճակին, աղքատության նպաստ չեն ստանում. ամուսինն աշխատում է, երեխա էլ չունեն, իրենց բալերը չեն հերիքում։

Անօթևան ամուսինները օրական մեկ անգամ ստիպված բարեգործական ճաշարան են այցելում։ Տան հոգսը հոգալու համար Շողիկ Պետրոսյանը փողոցից շշեր ու տարատեսակ իրեր է հավաքում ու վաճառում։

«Շիշ եմ հավաքում ճամփեքից, գերեզմաններից, երեկ խանութին 1000 արաղ եմ տվել՝ 700-ով ծախել, որ էսօր ջրիս վարձը տվել եմ, «Ջերմուկ» եմ մի հատ ծախել՝ 100 դրամ, դա է։ Ինձ գերեզմաններում օտար մարդիկ որ տեսնում էին, ասում էին՝ «հետաքրքիր է, որ էս աղքատ մարդկանց նպաստ չտան, բա ո՞ւմ են տալիս»», - ասաց կինը։

Տանը բնակվելը վտանգավոր է, ամեն վարկյան կարող է փուլ գալ, Սպիտակի քաղաքապետարանի կողմից միակ օգնությունը, սակայն, մինչ օրս, տանտիրուհու խոսքով, մի քանի տուփ մակարոնն է եղել։

«Ուրիշ տեղ գրել է, որ առաջին օգնություն եմ տվել, էս եմ տվել, բայց ոչ մի բան չեն տվել, նամակներն էլ պահպանվում է։ Մակարոնն իմ ինչի՞ն է պետք, թող ինձ անկողին տային», - ասաց Շողիկը։

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք ընտանիքին կարող են միայն ժամանակավոր կացարան առաջարկել։ «Եթե ակնկալում են, որ քաղաքապետարանը կարող է բնակարան հատկացնել, մենք, ցավոք սրտի, նման միջոցներ չունենք, եթե ունենայինք՝ անպայման բնակարանի խնդիր կլուծեինք։ Փայտաշեն ժամանակավոր շինություն էր, մենք իրենց առաջարկել ենք նմանատիպ ժամանակավոր շինություն, իրենք հրաժարվում են, իսկ նոր բան կառուցել տալ, կամ փոխհատուցել նախ մենք իրավունք չունենք, երկրորդը՝ համապատասխան միջոցներ չունենք», - ասաց Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG