Մատչելիության հղումներ

Խորհրդարանում դեռ քննարկում են լսումների անցկացման ձևաչափը


Խորհրդարանում դեռ քննարկում են լսումների անցկացման ձևաչափը
please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00

Խորհրդարանի ընդդիմադիր հինգ խմբակցությունները կողմ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով բաց քննարկմանը։

Ուղիղ մեկ շաբաթից խորհրդարանում տեղի կունենան լսումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով։ Պատգամավորները խոստանում են մի շարք սուր հարցեր տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը, Էներգետիկային նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնյաներին, սակայն առայժմ պարզ չէ՝ կլսի՞արդյոք հասարակությունը այդ հարցերի պատասխանները, թե՞՝ ոչ։ Բաղրամյան 19-ում դեռ քննարկում են լսումները փակ կամ բաց անցկացնելու հարցը։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենց կարծիքով՝ գործընթացը պետք է թափանցիկ լինի։ «Լրատվամիջոցները պետք է ներկա լինեն, քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, և ամենակարևորը՝ պետք է լսումներին ներկա լինեն պատկան մարմինների այն ներկայացուցիչները, ովքեր ղեկավարներն ու պատասխանատուներն են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էնֆիաջյանը։

Բաց լսումների կողմնակից են նաև «Ժառանգություն»-ը, ՀՅ Դաշնակցությունը (ՀՅԴ), Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)։

Իշխող Հանրապետականի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այլ կարծիքի է. ասում է՝ եթե բաց անցկացնեն, ընդդիմադիրները կօգտագործեն առիթը և քննարկումը շոուի կվերածեն։ Նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ հարցին իրական լուծում տալու համար քննարկումը պետք է փակ լինի։

«Ես կարծում եմ, որ առանց տեսախցիկների աշխատելը շատ ավելի արդյունավետ է։ Դրանից հետո միգուցե արդեն կարող են ցանկացած քաղաքական գործիչներ իրենց կարծիքը արտահայտել», - ասաց Շարմազանովը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը քննարկմանը կմասնակցի, եթե անգամ քննարկումը փակ լինի, դրանից, ըստ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, իրենց կողմից ներկայացվելիք խախտումների մասին փաստերը չեն տուժի։ Պատգամավորը ասաց, որ շոու անելու իրավունքն էլ են Հանրապետականին փոխանցում, միայն թե պարզվի՝ ինչու ՀԷՑ-ի կորուստները չեն նվազում։

«Էլեկտրական ցանցը ապահովող տեսուչը չի կարող ազնիվ ապրել, ի վիճակի չէ, քանի որ նա շփվում է, ասենք, օրը 900 հազար դրամի հետ, ինքը ստանում է 90 հազար՝ 5, 10 հազարի ակնկալիք է ունենում և մտնում է գործարքների մեջ։ Ինչո՞ւ կորուստները չեն պակասում՝ որովհետև այդ տեսուչներին թույլատրած է գործարքի մեջ մտնել, փողի մի մասը բերել վերևին հանձնել և քիչ հոսանք ցույց տալ։ Ո՞նց կարող է պատահի, որ համակարգում 15 տոկոսանոց կորուստ լինի», - ասաց Արամ Մանուկյանը։

Նա վստահ է, որ ՀԷՑ-ը գումարներ է ծախսել նաև իշխանությունների ցուցումով, և եթե ճնշում լինի, ռուսական ընկերությունը կբարձրաձայնի դրա մասին։

Կորուստների մասով այսօր խորհրդարանում արդարացումներ էր ներկայացնում էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, բայց ՀԷՑ-ից խոսելու փոխարեն՝ նա թվեր էր ներկայացնում պետական «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերության մասին, որտեղ 15 տարում կորուստները 4 տոկոսով նվազել էին։ ՀԷՑ-ում պատկերն այլ էր։

«Այդ տեմպերով ինչպես մենք կարողացել ենք ԲԷՑ-ում անել, ցավոք սրտի, այդ երևույթը նույն տեմպերով տեղի չի ունենում», - ասաց Գալստյանը։

Արդարացում փոխնախարարը գտավ, ասաց, որ կորուստների նվազման համար պետական ընկերությունում ներդրումներ են արել, ներդրումներ պետք է արվեն նաև ՀԷՑ-ում, իսկ դրա համար ընկերությանը գումար է պետք։ «Իրանք էլ ասում են՝ փողը տվեք, ավելացրեք ներդրումները», - ասաց Գալստյանը։

ՀԷՑ-ի հայտի վերաբերյալ պետական մարմինների դիրքորոշումը այսօր խիստ քննադատեց Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը։ Նրա մոտ այնպիսի տպավորություն էր, որ ոլորտը կարգավորող մարմինները իրավիճակին անտեղյակ են։ Պնդեց՝ Էներգետիկայի նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշ պաշտոնյաներ պետք է պատասխանատվության ենթարկվեն, ամբողջ էներգահամակարգում էլ ստուգումներ անցկացվեն։ Դաշնակցությունը նաև ցանկանում է ոլորտը կարգավորող օրինագծեր մշակել։

«Եթե նա մենաշնորհային սուբյեկտ է, կարևոր է, որպեսզի օրենսդրական մակարդակով պարտավորված լինի հրապարակային, բաց մրցույթներով իրականացնի գնումներ՝ մեկ, երկրորդ՝ կադրային քաղաքականության մեջ պարտավոր է նույն ՀԷՑ-ի և համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտարարագրեր ներկայացնեն, ինչպես որ պետական բարձրագույն պաշտոնատար անձանց մասին է պահանջվում», - ասաց Մինասյանը։

Հանրապետականում վստահեցնում են՝ բազմաթիվ հարցեր նաև իրենց են մտահոգում։ Վարդան Այվազյանի խոսքով, ինչքան էլ մասնավոր ընկերությունը ցանկանա բարձրացնել սակագինը, իշխանությունները փորձելու են դա զսպել։

«Կարող է ինքը ցույց տա տարբեր շքեղ առանձնատներ, բայց դրա համար Հայաստանի քաղաքացին չի կարող վճարել», - ասաց Այվազյանը։

Բաց, թե փակ կանցկացվեն էլեկտրաէներգիայի սակագնի հարցով լսումները՝ պարզ կդառնա առաջիկա օրերին, խորհրդարանի ընդդիմադիր հինգ խմբակցությունները կողմ են բաց քննարկմանը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ խոստացավ որոշում կայացնել խմբակցությունների կարծիքները լսելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG