«Ինչ վերաբերում է Բրազիլիայի Սենատին և այն որոշմանը, որը այնտեղ ընդունվել է, ես կարող եմ վերահաստատել, որ այդ որոշումը ընդունվել է, դրա մասին վերջնական որոշումը հրապարակվել է երեկ Բրազիլիայի Սենատի կողմից և դրված է իրենց սայթում, կարող եք բացել նայել: Եվ կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված որոշումը», - այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը Սերբիայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Էդվարդ Նալբանդյանի այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ մայիսի 27-ին էր պաշտոնական հաղորդագրություն տարածել, թե Բրազիլիայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Մինչդեռ, հունիսի 1-ին Բրազիլիայի Սենատի արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի քարտուղարությունից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ այդպիսի բանաձև Սենատում դեռ չի ընդունվել:
Նույն օրը նաև Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանն էր «Ազատությանը» հեռախոսով փոխանցել, որ բանաձևը դեռ պաշտոնական փաստաթուղթ չէ և անցնում է անհրաժեշտ ընթացակարգով: