Նավթատարի պայթյունի հետևանքով Խաղաղ օվկիանոս և Կենտրոնական Կալիֆորնիայի ափեր արտահոսած հազարավոր լիտրեր նավթի պատճառով գրեթե ամեն օր սատկած կենդանիներ են հայտնաբերվում:
Արտահոսքը տեղի է ունեցել մայիսի 19-ին:
Մինչ գիտնականներից տարիներ են պահանջվում՝ գնահատելու նավթի արտահոսքի ազդեցությունը էկոհամակարգի և շրջակա միջավայրի վրա, փրկարարները ցուցաբերում են առավել անմիջական մոտեցում՝ նավթի արտահոսքից վտանգված վայրի կենդանիներին փրկելու համար:
Ջոդի Վեսթբերգը Սան Դիեգոյի փրկարարների թիմին պատկանող այն մարդկանցից է, ովքեր անդադար աշխատում են կենդանիներին փրկելու համար:
Նրա խոսքերով՝ կենդանիները երկու անգամ մուգ են իրենց սովորական գույնից․ - «Տեսեք, թե այստեղ մորթին ինչքան մուգ է: Այստեղ ամբողջը նավթային կուտակում է... »:
Այս կենդանիներին պետք է նախ կայուն վիճակի բերել, իսկ հետո՝ նավթը մաքրել:
«Մենք ուզում ենք լվանալ նավթը, որպեսզի այն մաշկի միջոցով չներծծվի, և որ կենդանիները չներշնչեն նավթի հոտը»:
Համաձայն անասնաբույժ Թոդ Սմիթի, նավթի գոլորշիները կարող են վնասել կենդանիների թոքերը և քրոնիկ երկարաժամկետ հիվանդություններ առաջացնել: Եթե նավթը ներծծվի էգ կենդանու մաշկի միջոցով, նրա առաջին ձագը հնարավոր է կենդանի չմնա:
Նավթի արտահոսքը մեկ ուրիշ խնդիր է առաջացնում Կալիֆորնիայի ափերում բնակվող ծովային առյուծների համար: Այս տարի մեծ թվով ծովային առյուծներ, հատկապես՝ ձագեր, հայտնաբերվել են քաղցած և ծանծաղուտում մնացած:
Վթարից մեծապես տուժում են նաև ծովային թռչունները։
Փրկարարների նպատակն է նավթից մաքրել կենդանիներին ու թռչուններին, առողջացնել ու վերադարձնել վայրի բնություն։