Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքային այգու վարձակալության համար մրցույթին ոչ մի հայտ չի ներկայացվել


Վերջին մեկ տարվա ընթացքում Վանաձորի քաղաքային այգու վարձակալության համար երկու անգամ մրցույթ է հայտարարվել, բայց ոչ մի հայտ չի ներկայացվել: «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Մենուա Բրուտյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Վանաձորում մարդկանց սակավաթվության պատճառով է, որ այգիների վարձակալներ չեն հայտնվում:

«Մենք գիտենք, որ խորհրդային տարիներին Վանաձոր քաղաքը մոտ 170 հազար բնակիչ է ունեցել, և այդ այգիները որպես համայնքային ենթակառուցվածքներ նախատեսված են եղել հենց 170 հազար բնակչի համար: Բնականաբար, դրա պահպանման ծախսերը նաև հենց 170 հազար բնակչից ստացված եկամուտների հաշվին են իրականացվել: Ներկայում բնակիչների թիվը եռակի, քառակի պակասել է», - ասաց Բրուտյանը:

Նրա խոսքով, բիզնեսի առումով այլևս շահութաբեր չէ այգիներ վարձակալել, խոշոր ներդրումներ են անհրաժեշտ:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե պարտադիր պայման է, որպեսզի վարձակալը իր հաշվին 10 միլիոն դրամ ունենա: Բացի այս, մի շարք այլ պայմաններ էլ կան. - «Պահանջ ենք դրել նստարանները, լուսավորությունը վերականգնել։ Էս խնդիրները պիտի լուծեն»:

Մինչ քաղաքապետարանը վարձակալ է փնտրում վանաձորցիները դժգոհում են այգիների անմխիթար վիճակից:

Երկու երեխաների մայր Գայանե Մարկոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե երեխաներին հազվադեպ է քաղաքային այգի տանում, քանի որ նրանց համար հետաքրքիր ոչինչ չկա, բացի այդ՝ այգիները մաքուր չեն:

Մեր զրուցակիցները այգիները որպես ժամանցի վայրեր չեն դիտում, մինչև մինիմալ պայմաններ չլինեն, այն է՝ աղբարկղեր, նստարաններ, մաքուր միջավայր: Այսօր շատ այգիներում դրանք բացակայում են:

«Այ, օրինակ՝ Մշակույթի պալատի այգին, երեկ չէ առաջին օրը անցնում էի կողքով, ոնց որ Չերնոբիլը լինի՝ ավերված, փլված», -ասաց վանաձորցիներից մեկը:

Պապանյանի փոխանցմամբ՝ այգիների վարձակալ չհայտնվելու դեպքում քաղաքապետարանը կփորձի տեսքի բերել նստարանները, աղբարկղերը, ապահովել լուսավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG