Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունում սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը


Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշ, արխիվ
Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշ, արխիվ

Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցությունում սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը: Կուսակցության ներսում ձայների մեծամասնություն հավաքած թեկնածուն 2016-ի նոյեմբերին ամենայն հավանականությամբ մրցելու է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հետ:

Առայժմ նախագահական հավակնությունների մասին հայտարարել է հինգ հանրապետական թեկնածու, այդ թվում՝ հանրապետականների 10 տոկոսի աջակցությունը վայելող Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն և Նյու Յորքի նախկին նահանգապետ Ջորջ Պատակին: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, հանրապետական թեկնածուներից և ոչ մեկը չի կարող հաջողության հասնել Քլինթոնի դեմ պայքարում:

«Եթե ընտրություններն անցնեին այսօր, Հիլարի Քլինթոնը որևէ լուրջ մրցակից չէր ունենա», - նշում է Քուինիփագի համալսարանի փոխտնօրեն, վերլուծաբան Թիմ Մալոյը:

Որոշ հանրապետականներ մեծ հույսեր են կապում նաև Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի հետ: Բուշը, որի հայրն ու եղբայրն արդեն զբաղեցրել են ԱՄՆ-ի նախագահի աթոռը, դեռևս չի հայտարարել մրցապայքարին միանալու մասին, սակայն արդեն իսկ ամբողջությամբ հրապարակել է բոլոր ֆինանսական փաստաթղթերն ու վերջին տարիների պաշտոնական նամակագրությունը:

«Եթե ես կանաչ լույս վառեմ և ընտրապայքար մտնեմ, անելու եմ ամեն ինչ խանդավառությամբ, կիրքով և ուրախությամբ», - ասել է Բուշը:

Փորձագետները նշում են, սակայն, որ այս ընտրություններին հանրապետականները հավանաբար չեն կարողանա Հիլարի Քլինթոնի դեմ որևէ հաղթանակող թեկնածու առաջադրել:

«Հիլարի Քլինթոնի միակ հնարավոր խնդիրն այն է, որ շատերը չեն հավատում նրա ազնվությանն ու արժանահավատությանը, սակայն, միաժամանակ, վստահում են առաջնորդի նրա հատկություններին», - ավելացնում է Մալոյը:

Հատկանշական է, որ ընտրողների 53 տոկոսը չի հավատում Քլինթոնի ազնվությանն ու արժանահավատությանը, սակայն 60 տոկոսը լիովին ընդունում է Հիլարի Քլինթոնին առաջնորդի դերում: Այնպես որ, եթե հանրապետականները չկարողանան որևէ լուրջ փոփոխություն մտցնել նախընտրական մրցավազքի ընթացքի մեջ, Միացյալ Նահանգները 2017-ի հունվարից կին նախագահ կունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG