Յոզեֆ Բլատերը այսօր վերընտրվել է Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ։
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ անցկացված ընտրության առաջին փուլում կազմակերպությունում ընդգրկված ֆեդերացիաներից Բլատերի օգտին են քվեարկել 133-ը, իսկ նրա մրցակցի՝ Հորդանանի արքայազն Ալի բին ալ-Հուսեյնի օգտին՝ 73-ը։ Թեև Բլատերի ստացած քվեները պահանջվող երկու երրորդից մի փոքր պակաս էին, երկրորդ փուլից առաջ Հորդանանի արքայազնը ինքնաբացարկ է հայտնել։
Միջազգային լրատվամիջոցները շեշտում են, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը կայացավ սկանդալի ֆոնին՝ կապված կոռուպցիայի կասկածանքով կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների հետ, երբ մասնավորապես Միշել Պլատինիի գլխավորած Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը՝ ՈւԵՖԱ-ն դեմ հանդես եկավ Բլատերի վերնըտրվելուն։
Շվեյցարացի 79-ամյա Զեպ Բլատերը հինգերորդ ժամկետով կստանձնի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը՝ նա կազմակերպությոնը ղեկավարում է 1998 թվականից։
Վերլուծաբանները ենթադրում են, ՖԻՖԱ-ի ճգնաժամը կշարունակվի։