Մինչ ղարաբաղյան հակամարտությունը համեմատաբար «սառեցված» վիճակում է, հայկական և ադրբեջանական կողմերը լայնածավալ դիվանագիտական պատերազմ են վարում միջազգային կազմակերպություններում:
Այսպես, Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շրջանառության մեջ է դրել 47-էջանոց մի փաստաթուղթ, որում ցուցակագրված են հայկական կողմի դեմ մեղադրանքները: Ըստ ադրբեջանական կողմի, մարտին հայկական կողմն ավելի քան 1200 անգամ խախտել է հրադադարը հայ - ադրբեջանական սահմանում և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում: Փաստաթղթի համաձայն՝ զինադադարի խախտման արդյունքում մարտ ամսվա ընթացքում վիրավորվել է 9 և զոհվել 4 ադրբեջանցի զինծառայող:
Հայկական կողմը, սակայն, պաշտոնական Բաքվի մեղադրանքները շինծու է համարում: Միացյալ Նահանգներում Հայաստանի փոխդեսպան Հրաչյա Թաշչյանի խոսքով՝ ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրված Ադրբեջանի նամակը սադրանք ու զրպարտանք է. - «Դրա միակ նպատակն է տարածել ապատեղեկատվություն և ապակողմնորոշել միջազգային հանրությանը»:
Հայկական կողմը, փոխդեսպանի խոսքով, ակտիվորեն իր քաղաքական դիրքորոշումն է ներկայացնում բոլոր խոշոր միջազգային ատյաններում, այդ թվում նաև՝ Միավորված Ազգերի Կազմակերպությունում. - «ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացչությունը մեր դիվանագիտական օղակներից առավել ակտիվն է, և նրան հաջողվում է ճշգրիտ տեղեկատվություն փոխանցել միջազգային հանրությանը»:
Ըստ Հրաչյա Թաշչյանի, հայկական կողմը փորձում է գրանցված խախտումների մասին առավել մանրամասն զեկույցներ ներկայացնել միջազգային հանրությանը. - «ՄԱԿ-ում մեր ներկայացուցչությունը Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման բոլոր դեպքերի մասին գրեթե ամեն ամիս համապատասխան տեղեկատվություն է տարածում»:
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը փորձեց հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ նաև ադրբեջանական կողմից, սակայն Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանատունը որևէ մեկնաբանություններից հրաժարվեց:
Հայ - ադրբեջանական դիվանագիտական հակամարտությունը ՄԱԿ-ում կշարունակվի մինչ սեպտեմբեր, երբ գործի կդրվի արդեն «ծանր հրետանին»: Սեպտեմբերի 15-ին Նյու Յորում բացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, որը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման լավագույն առիթը կարող է հանդիսանալ: