Մատչելիության հղումներ

«Ռոյթերս»-ը հաղորդում է Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին


«Ռոյթերս»-ը հաղորդում է Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Ռուս-ուկրաինական սահմանից ընդամենը 50 կիլոմետր հեռավորությամբ ռուսական մեծաքանակ զորքերի, հրթիռային կայանների, տանկերի, թնդանոթների կուտակումներ կան: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը: Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլովը հայտարարել էր, որ անջատականները վերազինվում են՝ պատրաստվելով նոր հարձակման:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է. - «Շարունակվում են հրադադարի խախտումները, և ծանր մարտերը կարող են վերսկսվել ցանկացած պահի: Ահա թե ինչու եմ ես ամբողջությամբ աջակցում Միացյալ Նահանգների, ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերին՝ Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծման քաղաքական ճանապարհը գտնելու կապակցությամբ»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ փաստը, որ սահմանին ռուսական մեծաթիվ զորք ու զինամթերք կա: Իսկ ահա զինծառայողները «Ռոյթերս»-ին ասել են, թե պարզապես մասնակցում են մարտական վարժանքների և որևէ կերպ չեն առնչվում ուկրաինական տարածքում հրադադարի խախտումներին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ «անպատեհ» է որակել պնդումները, թե ռուսական կողմը պատրաստվում է հարձակման: Մինչդեռ, «Ռոյթերս»-ի լրագրողի վկայությամբ, իր տեսած ռուսական զորքերն ու զենքերը 3 անգամ ավելին են մարտին արձանագրած իրավիճակի համեմատ:

Անցուդարձը «Զինվորական փառքի քաղաքում»

«Ռոյթերս»-ը հրապարակել է նաև թղթակցի վկայությունը, ըստ որի՝ վերջին օրերին նա տեսել է, թե ինչպես է սնունդ և ռազմամթերք տեղափոխող գնացքը ժամանում Ռոստովի երկաթուղային կայարան: Ի դեպ, դեռ 2008 թվականին ռուսական իշխանությունները Ռոստովին տվեցին «Զինվորական փառքի քաղաքի» կարգավիճակ:

«Ռուսաստանի զինվորների մայրերի» միավորման պատասխանատու քարտուղար, Ռուսաստանի պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի անդամ, իրավապաշտպան Վալենտինա Մելնիկովան ասել է, որ իր տեղեկություններով՝ Ռոստովը Ուկրաինայի տարածք զորքեր ուղարկող միավորման հավաքատեղին է: Նա նաև փոխանցել է տեղեկությունը, ըստ որի՝ նոր զորախմբեր են կուտակվել Ռոստովում մայիսի 20-ից և պատրաստվում են այնտեղից ներթափանցել Ուկրաինա, նաև բացահայտել է, որ զինծառայողները ստորագրությամբ պարտավորվել են չհրապարակել այդ տեղեկությունը:

«Իհարկե, դա ծառայություն է, ո՞վ կանդամագրվի որպես կամավորական, նրանք զինծառայողներ են», - պնդել է Վալենտինա Մելնիկովան:

Ռուսական կողմը Ուկրաինայի տարածքում ձերբակալված ռուս զինծառայողներին անվանում է կամավորական կամ նշում, թե նրանց զինվորական ծառայությունն ընդհատվել է, և այդ ձերբակալվածները կապ չունեն ռուսական բանակի հետ: Մինչդեռ, իրավապաշտպան Վալենտինա Մելնիկովան տևական ժամանակ է՝ բարձրաձայնում է խնդրի մասին, թե ինչպես են ռուսական բանակի հրամանատարները զինծառայողներին պարտադրում ստորագրել պայմանագրեր՝ Լուգանսկի, Դոնեցկի շրջանում ծառայության կապակցությամբ:

Նա հատուկ ուշադրություն է հրավիրում նաև այն հարցին, որ ռուսական բանակի զինծառայողների՝ Ուկրաինայի տարածքում մահվան գործերով իրավապահները որպես մահվան պատճառ նշում են «ծառայության ժամանակ» տեղի ունեցած մահվան մասին՝ խուսափելով «ռազմական գործողությունների ժամանակ արձանագրված մահ» ձևակերպումից:

Իրավապաշտպանն իրավապահների այդ նախընտրությունը համարում է «ապօրինի»:

«Պետական գաղտնիք»

Այսօր պաշտոնական Կրեմլի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի փոփոխություն է կատարվել պետական գաղտնիքների մասին 1995 թվականի հրամանագրում: Այսուհետ «պետական գաղտնիք» են համարվում նաև «Ռուսաստանի պաշտպանության բանակի անձնակազմի կորստի մասին տվյալները՝ պատերազմական, խաղաղ ժամանակ և հատուկ գործողությունների դեպքում»: Ռուսական օրենքներով, պետական գաղտնիքի հրապարակումը պատժվում է մինչև 7 տարվա ազատազրկմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG