Մատչելիության հղումներ

Ժողովուրդը հասկացել էր, որ «եթե այդ կռիվը չտար, անիմաստ կլիներ հետագա գոյությունը»


Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր՝ Առաջին հանրապետության հռչակման 97-ամյակի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ օրվա խորհուրդը հասկանալու համար հարկ է ընդհանրական պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որից հետո միայն բացահայտվում է այն աներևակայելի, անպատկերացնելի սխրանքը կամ իր ձևակերպմամբ՝ հրաշքը, որ գործեց այդ օրերին 1915-ից ցեղասպանության, տեղահանության, սովի , անմարդկային զրկանքների միջով անցած հայ ժողովուրդը:

1918 թվականի սկզբից ռուսական զորքերը հապշտապ հեռանում էին Անդրկովկասից և ողջ ռուս-թուրքական ճակատային գծից, թուրքական զորքերն արդեն փետրվարից լայն ճակատով սկսեցին իրենց հարձակումները՝ շատ կարճ ժամանակում վերագրավելով 1870 թվականների ռուս-թուրքական պատերազմի ընթացքում կորցրած տարածքները՝ Երզնկան, Կարսը, Սարիղամիշը, Էրզրումը և այլ քաղաքներ ու ամբողջ գավառներ․ - «Հայկական զորքերը համարյա դիմադրություն չեն ցույց տվել, գաղթականների հետ նահանջել են․․․ Դիմադրության համար հնարավորություն չկար»:

Ապրիլի վերջին արդեն թուրքական բանակը կանգնած էր Ախուրյան գետի ափին, հայկական զորքերը տեղավորվել էին Ալեքսանդրապոլում:

Այդ ժամանակ էր ահա, որ ստեղծվեց Անդրկովկասյան դեմոկրատարական պետությունը, որն իր մեջ էր ներառում անդրկովկասյան երեք ժողովուրդներին՝ հայերին, վրացիներին և կովկասյան թաթարներին, որոնք կարճ ժամանակ անց ադրբեջանցիներ կոչվեցին:

Մայիսի 12-ին թուրքական կողմը բանակցություններ սկսեց՝ պահանջելով հանձնել Ախալքալաքը, Ախացխան, Ալեքսանդրապոլը, Նախիջևանը, Արարատյան դաշտի մեծ մասը՝ Երևանի և Էջմիածնի գավառների հետ միասին: Երբ հայկական կողմի պատվիրակները, ի դեմս Քաջազնունու և Խատիսյանի, հրաժարվեցին կատարել թուրքերի պահանջները, թուրքական զորքերը լայնածավալ հարձակում սկսեցին մայիսի 15-ից՝ մեկ օրում գրավելով ներկայիս Գյումրին՝ այն ժամանակ Ալեքսանդրապոլը:

Հայկական զորքի նահանջի արդյունքում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում թուրքական զորքերը գրավեցին Ղարաքիլիսան, մի շարք այլ բնակավայրեր՝ սոսկալի ջարդեր կազմակերպելով տեղի բնակչության շրջանում: Միայն Ղարաքիլիսայում այդ մի քանի օրերին հինգ հազար մարդ է սպանվել:

Մայիսի 22-ին թուրքերը հասան Սարդարապատ գյուղը և գրավեցին այն․ ինչպես ասում են՝ այլևս նահանջելու տեղ չկար, որովհետև առջևում Էջմիածինն ու Երևանն էին: Թերևս դա էր պատճառը, որ ողջը ազգը ոտքի կանգնեց ու կենաց ու մահու կռիվ տվեց Սարդարապատի ճակատամարտում:

«Արևելյան Հայաստանի հայ բնակչության վիճակը օրհասական էր: Արևմտյան ամբողջ հայությունը ոչնչացնելուց հետո թուրքերը իրենց առաջ նպատակ էին դրել գրավել նաև Արևելյան Հայաստանը և ավարտել այն ծրագիրը, որի սկիզբը դրվել էր 1915 թվականին՝ հայերին ոչնչացնել, հայկական հարցը մեջտեղից հանել», - նշեց Վիրաբյանը:

Գևորգ 5-րդ Սուրենյանց Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով ճիշտ մեկ շաբաթ անդադար ղողանջում էին Արարատյան դաշտավայրի բոլոր բնակավայրերի եկեղեցիների զանգերը: Ճակատագրական այդ օրերին մեր զինվորների, լավագույն զինվորական հրամանատարների՝ Սիլիկյանի, Բեկ-Փիրումով եղբայրների, Դրոյի, Նժդեհի և այլոց կողքին էին նաև գյուղացիները, մտավորականները: Հոգևորականները կռվում էին առանձին գումարտակով, որը ղեկավարում հետագայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս ընտրված Գարեգին Հովսեփյանը:

«Մի զարմանահրաշ մայիս է 1918 թվականինը․ ամբողջ ժողովուրդը միասնական էր: Արարատյան դաշտից սկսած մինչև Սևանա լճի ավազան, բոլոր տեղերից ով որ հրացան ուներ, հրացանն էր վերցնում, ով որ չուներ՝ եղանն ու բահն էր վերցնում և գալիս էր Արարատյան դաշտ՝ կռվելու: Որովհետև հայ ժողովուրդը հասկացել էր, որ եթե այդ ճակատամարտը չտա, անիմաստ կլինի հետագա գոյությունը», - ասաց Ամատունի Վիրաբյանը:

Այդ մեծ պայքարի արդյունքում էլ ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որն այս տարածքում մեր պետականության կորստից 1000 տարի հետո առաջինն էր՝ առաջին անկախ պետությունը: Մայիսի 28-ին Ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետության հիմնումը՝ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:

Նորանկախ հայոց պետությանն այն ժամանակ առաջին իսկ օրերից անգնահատելի օգնություն է ցույց տվել ԱՄՆ-ն: Ամատունի Վիրաբյանի խոսքով, որևէ այլ երկիր այդքան բան չի արել այդ ժամանակ մեր նորաստեղծ պետության համար՝ սննդամթերքով, դեղորայքով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելով թուրքական յաթաղանից մաղապուրծ մեր ժողովրդին․ - «Ամերիկացիները միայն 50 հազար որբ են հավաքել 1918 թվականի կեսերին և մինչև 1930 թվականը, մինչև հասուն դառնալը այդ որբերին պահել են՝ ծախսելով 100 միլիոն դոլար, որը եթե մեր այսօրվա թվերի հետ համեմատենք, կլինի մոտ 1.5 միլիարդ դոլարից ավելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG