Այսօր էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Գյումրիում և Վանաձորում։
100-ից ավելի գյումրեցիներ «Դեմ ենք հոսանքի թանկացմանը», «Կդորըմ մարդ եղեք», «Ոչ թալանին», «Ոչ մի գրոշ ավել թալանչիներին» կարգախոսներով հավաքվել էին գլխավոր հրապարակում, որտեղից էլ մեկնարկեց նրանց բողոքի ակցիան։
«Պահանջում ենք դադարեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ուղղված բոլոր միջոցառումները, հետաքննություն սկսել ՀԷՑ-ում տիրող ֆինանսական վիճակի, հնարավոր կոռուպցիոն գործարքների և ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ»,- բարձրախոսով հայտարարեց երթի մասնակիցներից մեկը։
Երթի մասնակիցներն անցնելով փողոցներով անտարբեր քաղաքացիներին կոչ էին անում միանալ հոսանքի թանկացման դեմ ցույցին: Համոզված են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կաղքատացնի առանց այն էլ սոցիալապես անապահով գյումրեցիներին՝ ստիպելով բռնել արտագաղթի ճամփան:
Երթի մասնակիցները հասան մինչև Շիրակի մարզպետարան: Մարզպետին և քաղաքապետին նամակներ հանձնեցին՝ պահանջելով, որ իրենց բողոքի ձայնը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հասցնեն:
Վանաձորում ևս բողոքի երթի մասնակից մի քանի տասնյակ քաղաքացիներ կոչ արեցին մյուսներին իրենց միանալ և բողոքի ձայնը բարձրացնել։
Բողոքի երթին այստեղ մասնակցում էին Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, ինչպես նաև մտահոգ անկուսակցական քաղաքացիներ։
Վանաձորի Արցախ պուրակում ստորագրահավաք իրականացվեց, համաձայն որի քաղաքացիները պահանջում են իշխանություններից դադարեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված բոլոր գործընթացները։
Վանաձորյան երթին մասնակցում էր նաև «Որդան կարմիր» ռոք խումբը։ Խմբի անդամ Դավիթ Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե աբսուրդ է համարում էլեկտրաէներգիայի թանկացումը։
«Եթե ամեն հիմնարկություն իր սխալ աշխատելու հետևանքով առաջացած պարտքերը ուզենա փոխհատուցել ժողովրդի հաշվին, աբսուրդ բան կստացվի։ Կստացվի, որ հերթով ամեն ինչ կթանկանա, որովհետև ինչ-որ մարդիկ լավ չեն աշխատել»,- ասաց Գալստյանը։