Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպում է ունեցել Ճապոնիա -Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամների հետ:
Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հայ - ճապոնական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր։
Նույն օրը հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ակիրա Մուտոյի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ճապոնիայի ներքաղաքական զարգացումներին, երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի:
Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերություններին և Ղարաբաղի հակամարտությանը հայկական պատվիրակության ղեկավարը դատապարտելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը՝ ընդգծելով, որ Թուրքիան հայ - թուրքական սահմանի բացումն անիրավացիորեն շաղկապում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:
Շարմազանովի խոսքով, հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, և Թուրքիան այնտեղ որևէ անելիք չունի:
ԱԺ փոխնախագահն «անթույլատրելի է որակել» Ադրբեջանի գործողությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և առաջարկություններին: