Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգը:
Ըստ հայեցակարգի, պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում տարածքային ամբողջականության վերականգնումը:
Գլխավոր հարցերից է անվտանգության և պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծումը՝ այդ թվում ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ պաշտպանական և ռազմատեխնիկական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը:
«Ռազմավարության գլխավոր նպատակներից է Եվրամիությանն ինտեգրումը և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումը», - նշված է Ուկրաինայի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում:
Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը երկրի գլխավոր ռազմավարական հայեցակարգի նպատակները սահմանել է մինչև 2020 թվականն իրագործելու հեռանկարով:
2010 թվականին Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելով՝ Վիկտոր Յանուկովիչը մերժել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագիր ուներ 2004 թվականին, երբ դեռ պաշտոնավարում էր երկրորդ նախագահը՝ Լեոնիդ Կուչման: Այդ ծրագիրը, ըստ կառավարական հայտարարությունների, պետք է իրագործվեր մինչև 2008 թվականը: Սակայն ավելի ուշ Յանուկովիչը, դառնալով երկրի երրորդ նախագահը, փոխեց կառավարության մտադրությունները:
ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գրկաբաց ընդունել Ուկրաինային: Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու հարցով շարունակում է երաշխիքներ պահանջել Ռուսաստանը:
Մոտ երկու շաբաթ առաջ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ռուսական մամուլում համոզմունք էր հայտնել, որ կապված ուկրաինական հարցի հետ՝ Մոսկվան պետք է վերանայի ազգային անվտանգության ռազմավարությունը:
Ի դեպ, այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի է ունեցել Ուկրաինա - ՆԱՏՕ աշխատանքային խմբի հանդիպումը: Երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության պայմաններում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շատ մեծ նշանակություն ունի: