Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխող կուսակցությունը փորձում է նորից հաղթել ընտրություններում


Կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ իրենք սկսում են «հսկայական նախագծեր», որոնք թույլ կտան ժողովրդին ավելի վստահել իրենց։

Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունն ուզում է չորրորդ անգամ վերցնել խորհրդարանը և ստանալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու արտոնություններ, պետք է իր քարոզարշավը կենտրոնացնի Իզմիրի նման քաղաքների վրա, որտեղ բնակչությունը սովորաբար քվեարկում է հօգուտ ընդդիմության։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներից «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Նեսրին Ուլեման հավատացած է, որ իր կուսակցությունն ունի ամուր հիմքեր։ Նրա խոսքով՝ իրենք սկսում են «հսկայական նախագծեր», որոնք թույլ կտան ժողովրդին ավելի վստահել իրենց։

Այս անգամ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրությունների է գնում առանց իր առաջնորդ, նախագահ Ռեջեփ Էրդողանի։ Ու ինչպես սոցիոլոգ Բեթուլ Դուրմազն է ասում, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի վայելում այն ժողովրդականությունը, ինչին մինչ այժմ արժանացել է Էրդողանը։

«Էրդողանը շատ հզոր առաջնորդ էր, և այժմ մենք ականատեսն ենք Դավութօղլուի մեծ թվով սխալների։ Այդ պատճառով է, որ ընտրողները դեռևս չեն կողմնորոշվում, թե ով է այս կուսակցության առաջնորդը», - ասել է նա։

Նեսրին Ուլեմայի խոսքով, իշխող կուսակցության ամենամեծ գաղտնիքն ու հաջողության գրավականն այն է, որ կուսակցությունն ունի մոտ 4 միլիոն կին անդամ։ «Ու նաև դրա արդյունքում է, որ կուսակցությունն արդեն 14 տարի է գտնվում է իշխանության ղեկին ու 9 անգամ անընդմեջ հաջողության է հասել ընտրություններում», - ասել է նա։

Սակայն Իզմիրի նման հիմնականում աշխարհիկ սկզբունքներ ունեցող քաղաքներում բնակչությանը մտահոգում է ներկա կառավարության օրոք խորացող պահպանողականությունը։

Եվ այժմ Էրդողանի կուսակցությունն ամեն ինչ փորձում է անել՝ գոհացնելու և՛ աշխարհիկ, և՛ պահպանողական սկզբունքների կողմնակիցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG