«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանն այս տարեսկզբին իրեն առևանգելու և դաժան ծեծի ենթարկելու դեպքից մոտ 4 ամիս անց համոզված է, որ իրավապահ մարմինները գործը բացահայտելու նպատակ չունեն։
«Ես կարծում եմ, որ մեր այսօրվա իրավապահ մարմինները կա՛մ ուղղակիորեն կոծկում են հանցագործությունը, կա՛մ անճարակ են և անկարող», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
Փետրվարի 7-ին, հիշեցնենք, օրը ցերեկով դիմակավորված անձինք քաղաքի կենտրոնից Արտակ Խաչատրյանին առևանգել էին, դաժան ծեծի ենթարկել։ Խաչատրյանը դժվարությամբ հասել էր տուն և կապտուկներով ու քթի կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։
Քննչական կոմիտեն ինչպես Արտակ Խաչատրյանի, այնպես էլ անցած տարեվերջին բռնության ենթակված մյուս ակտիվիստների գործերով ամիսներ անց դեռ նորություններ չունի։
«Շարունակվում են ակտիվ որոնողական աշխատանքները», - «Ազատությանն» ասաց կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Մինչդեռ անցած շաբաթ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ազատության» հարցին ի պատասխան կրկին պնդելով, որ չբացահայտվող գործեր չկան, ասել էր, թե ակտիվիստներն են խոչընդոտում գործի քննությանն ու բացահայտմանը․ - «Բոլոր այն ծեծի գործերը, որոնք անիմաստ աղմուկ չեն բարձրացրել, բոլորը բռնվել ու բացահայտվել են: Բոլոր այն դեպքերը, որ վերածել են շոուի, դժվարացրել են մեր աշխատանքը: Բոլոր պարագաներում՝ չբացվող հանցագործություն չկա»:
Արտակ Խաչատրյանը հեռակա հակադարձում է՝ ինքն ու իր կողմնակիցները միայն նպաստել են գործի բացահայտմանը․ - «Եթե մենք հարկեր ենք վճարում, այդ մարդիկ աշխատավարձ են ստանում և այդ մարդիկ չեն կարողանում սպասարկել մեր շահերը․․․ Չէ՞ որ կարելի է օրը ցերեկով զինված անձինք տեսախցիկների տակ մարդ առևանգեն ու մնան անպատիժ․․․ Ուրեմն այդ մարդիկ ուղղակի պետք չեն: Եկեք վերացնենք այդ ինստիտուտները»:
Այս գործի վերաբերյալ անցած շաբաթ խորհրդարանում խոսեց նաև երկրի գլխավոր դատախազը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին ի պատասխան, Գևորգ Կոստանյանը «օպերատիվ ու հետևողական» համարեց իրավապահ մարմինների աշխատանքը, որոնք սակայն դեռևս արդյունք չեն տվել․ - «Ես կարծում եմ, բոլորս տեսանք, թե ինչ հետևողականությամբ օպերատիվ-հետախուզական մարմինը, քննչական մարմինը իրականացրեցին իրենց աշխատանքը: Ցավոք սրտի, ամեն դեպքում չէ, որ արդյունավետ միջոցառումները, որոնք իրականացվում են թե՛ օպերատիվ-հետախուզականի, թե՛ նախաքննության կողմից, հանգեցնում են գործի բացահայտվածությանը: Ցավոք սրտի, այդպես չէ»:
Գլխավոր դատախազը համոզմունք հայտնեց, թե «գործը բացահայտվելու է, և հանցագործություն կատարած անձինք ենթարկվելու են պատասխանատվության․ - «Ես ձեզ վստահեցնում եմ, որ նախաքննության մարմնի կողմից և օպերատիվ-հետախուզական մարմնի կողմից իրոք իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առնվազն ճշտելու դեպքի վայրը, և հետևաբար նաև, թե ովքեր են կատարողները, և դրանց պատասխանատվության հարցը բարձրացնել»:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը ծեծի է ենթարկվել անցած տարեվերջին Խանջյան-Թումանյան խաչմերուկում: Գործը, սակայն, այսօր կասեցված է։
Գևորգը ցույց է տալիս տարածքում տեղադրված 4 տեսախցիկներն ու համոզմունք հայտնում, թե իրավապահ մարմիններն ի սկզբանե հանցագործներին գտնելու միտում չեն ունեցել․ - «Ոստիկանները չեն առգրավել տեսագրությունները: Այնինչ դա պետք է աներ հենց հարձակումից հետո և այդ ընթացքում կարող էր հայտնաբերել ու ձերբակալել հանցագործներին»:
Ինչ վերաբերում է ոստիկանապետի մեղադրանքներին, թե շոու դարձնելու փորձերն են իրենց խանգարել, ակտիվիստը հիշեցնում է. ինքն ու իր կողմնակիցները միայն հրապարակել ու հասարակական հնչեղություն են տվել դեպքին․ - «Ուղղակի ինքը ուզում է, որպեսզի այդ երևույթները չհրապարակվեն, որ հետագայում լրագրողները իրեն փաստի առաջ չկանգնեցնեն՝ ասելով, թե տեսեք դեպքը եղել է, և դուք չեք բացահայտել»:
Անցած տարեվերջին տուժած ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը նույնպես իրավապահներից որևէ նորություն չի լսել քննվող գործի վերաբերյալ, ոտսիկանապետի հայտարարությունն էլ հեգնանքով է ընդունել․ - «Իմ ճանաչած քաղաքացիական ակտիվիստներից որևէ մեկը դերասանական կրթություն չունի՝ ի տարբերություն ոստիկանապետի: Ու դժվար թե, ոստիկանապետից լավ որևէ մեկը շոու կազմակերպի․․․ Թող գոնե մեկ դեպք ասեն, որ բացահայտվել է, ու կատարողները և պատվիրատուները պատժվել են»: