Այսօր Հայաստանի Օլիմպիական կոմիտեն (ՀՕԿ) կհայտարարի, թե ովքեր են Հայաստանից մեկնելու Բաքու՝ մասնակցելու հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին։
Մինչ այդ, երեկ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ նախապես հայտարարված վեց սպորտաձևերի ներկայացուցիչներն էլ կմասնակցեն խաղերին, ընդհանուր թվով 25 մարզիկ։
Նրա խոսքով, սակայն, Բաքու չեն մեկնի ըմբշամարտիկներ, օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը։ Ռոստոմյանի փոխանցմամբ՝ որոշումը մարզիկներինն է։
Ջուլֆալակյանը, ով 2007 թվականին Բաքվում մասնակցել է աշխարհի առաջնությանն, ավելի վաղ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր՝ սեփական փորձից գիտի՝ ինչ է նշանակում Բաքվում հանդես գալը, նրա խոսքով, հավասար պայմանների մասին կարելի է մոռանալ:
Հրաչյա Ռոստոմյանը վստահեցնում է՝ անվտանգության հարցերը վաղուց կարգավորված են։ «Այս պահի դրությամբ անվտանգության առումով որևէ մտահոգություն, մտավախություն կամ խնդիր չկա», - ասաց Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը։
Բաքվի խաղերի մասնակցությունը քննարկելիս, ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռոստոմյանը, գլխավոր հարցը եղել է ոչ այնքան անվտանգությունը, որքան արդար մրցավարության խնդիրը, ինչի վերաբերյալ նույնպես Միջազգային և Եվրոպական օլիմպիական կոմիտեների ղեկավարներից, ըստ Ռոստոմյանի, հայկական կողմը երաշխիքներ ստացել է։
«Հունիսի 12-28 կայանալիք խաղերին, թեև առանց երկու առաջատար մարզիկների, ըմբշամարտիկների խումբ կմեկնի Բաքու։ Հայաստանը կմասնակցի նաև հրաձգություն, թեքվանդո, ձյուդո, սամբո ու բռնցքամարտ մարզաձևերում», - հայտում են Օլիմպիական կոմիտեից՝ շեշտելով, որ թյուր կարծիք կա, թե այդ խաղերը պատկանում են Բաքվին, «Բաքուն պարզապես անցկացման վայրն է, իսկ Եվրոպական խաղերին մասնակցելը շատ կարևորն է մարզիկների համար»։