Մատչելիության հղումներ

Լեհաստանում նախագահական ընտրությունների վճռորոշ երկրորդ փուլն է անցկացվում


Միլիոնավոր լեհեր այսօր մասնակցում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որում, անցկացված հարցումների համաձայն, ակնհայտ առաջատար թեկնածու չկա։

Ընդդիմադիր Անջեյ Դուդան ընտրությունների առաջին փուլում առավել թվով ձայներ հավաքած թեկնածուն էր, ում, սակայն, չէր հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը։ Նրան հաջորդում էր գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։

Գործող նախագահի կենտրոնամետ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը երկիրը կառավարում է արդեն 8 տարի, և եթե Դուդան հաղթանակ տանի նաև երկրորդ փուլում, դա կդառնա նրա գլխավորած պահպանողական «Օրենք և արդարություն» կուսակցության առաջին նշանակալի հաջողությունը վերջին 10 տարիների ընթացքում։

Լեհաստանում կառավարության ղեկավարը վարչապետն է, սակայն նախագահը մեծ լիազորություններ ունի՝ նա զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, արտաքին հարաբերությունների հարցում որոշումներ կայացնելու, ընդունված օրենքները վետոյի ենթարկելու լիազորություններ ունի, վերահսկում է երկրի Կենտրոնական բանկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG