Այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանի առանձնատանը:
«Ազատության» հետ զրույցում Կարապետյանը հաստատեց այս լուրը՝ փոխանցելով, որ իրավապահ մարմինները առգրավել են միայն որսորդական հրացան և գազային ատրճանակ, որոնք պահելու համար ինքը օրինական թույլտվություն ունի։
«Ոչ մի այլ սարսափելի բան չեն ճարել, դրանք առգրավել են»,- ասաց նա։
Կարապետյանը տարօրինակ է համարում իր նկատմամբ այսչափ ուշադրությունը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցներից անմիջապես հետո: Ավելի վաղ գործարարը, որ մտերիմ է մարզպետի տան բակում մեկուկես տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանների ընտանիքի հետ, հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության:
Կտրականապես հերքելով, թե որևէ առնչություն ունի մի քանի օր առաջ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպին, մարզպետի ընդդիմախոսը ասաց.- «Էդ դեպքից հետո ինչ-որ շատ են իմ անձով հետաքրքրվում, ինչ-որ մարդիկ, ինչ-որ ուղղորդումներ են անում: Բայց ամեն դեպքում օրենքի տառին համապատասխան կատարվեց խուզարկությունը»։
Տիգրան Կարապետյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ, ով, ըստ գործարարի, զրպարտել է իրեն ու հերյուրանքներ տարածել իր հասցեին։
Վոլոդյա Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Կարապետյանը սպառնացել է Սյունիքի մարզպետին: Երեկ էլ Հովհաննիսյանը հայտարարեց՝ «մեղավորները ոչ միայն իրավական, այլև ազգային երկրապահ պատիժ են ստանալու»։
Գործարար Տիգրան Կարապետյանը ավելորդ համարեց Սյունիքի մարզպետի խորհրդականի հայտարարությունը մեկնաբանել։
«Ձեր նշած անձնավորության ասածները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այդ պատճառով մեկնաբանությունները ավելորդ են, և ամեն ինչ արդեն զավեշտի դաշտ է տեղափոխվում։ Ամեն դեպքում՝ իմ և իմ ընտանիքի մասին հայտարարությունների, վիրավորանքի, զրպարտության հարցով մենք մտնում ենք դատարան»,- ասաց Կարապետյանը։