Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Բաքվում կայանալիք Եվորպական օլիմպիական առաջին խաղերի բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ այս մասին մոսկովյան իրենց գրասենյակին հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից:
«Ընթացիկ տարվա հուլիսին նախատեսվում է Ռուսաստանի նախագահի այցելությունը Ադրբեջան: Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը», - փոխանցել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ադրբեջանում Եվրոպական խաղերն անցկացվելու են հունիսի 12-18-ը: Եվրոպական շուրջ հինգ տասնյակ երկրներից այս խաղերին մասնակցելու են ավելի քան 6 հազար մարզիկներ: Հայաստանը ևս հայտարարել է, որ մասնակցելու է այս խաղերին:
Վլադիմիր Պուտինից բացի, մյուս առաջնորդներից Բաքու կմեկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Օրերս այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը: «Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ էլ՝ Եվրոպական խաղերի բացմանը ներկա կլինի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Բաքվում անցկացվելիք խաղերին ընդառաջ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունները, լրագրողական կազմակերպությունները բազմիցս կոչ են արել և շարունակում են դիմել Ադրբեջանի իշխանություններին՝ քաղաքական հայացքների համար բանտարկված բլոգերներին, լրագրողներին և ակտիվիստներին ազատ արձակելու կոչով: Կազմակերպությունները նաև նամակներ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում մարդու իրավունքների նկատմամբ բռնաճնշումների վրա: