Մատչելիության հղումներ

Թուրքիայում քրդամետ կուսակցությունը կարող է հաղթահարել 10-տոկոսանոց շեմը


Հնարավոր է, որ Թուրքան իր պատմության մեջ առաջին անգամ վկա դառնա ընտրողների ձայների 10-տոկոսանոց շեմի հաղթահարմանը քրդամետ կուսակցության կողմից: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում այդ նպատակին հասնելու համար Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը պետք է ընդլայնի իր աջակցությունը թուրքերի շրջանում:

Իզմիրի նման խոշոր քաղաքները հաղթանակի գրավականն են: Կուսակցության թեկնածուներից էրթուղրուլ Քուրքջուն խոսում է նոր մոտեցումների մասին:

«Մենք պատրաստվում ենք պայքարել աշխատավորների, կանանց, բնության և կենդանիների իրավունքների համար: Սակայն այս ամենը պետք է զուգակցվի քրդական խնդիրների համար պայքարով: Ընդհանուր առմամբ, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը քրդական պահանջատիրության ու ժողովրդավարության պահանջները համակցում է, որի նպատակն է նոր ժողովրդավար Թուրքիայի հաստատումը», - ասել է էրթուղրուլ Քուրքջուն:

Կուսակցության անդամների գրեթե կեսը կանայք են, իսկ դա համակիրներից շատերի համար մեծ նշանակություն ունի:

«Մենք այստեղ ենք նաև կանանց համար՝ ներկայացված լինելու և որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցելու համար», - ասում է համակիր կանանցից մեկը:

Պատմական Զմյուռնիան գտնվում է Թուրքիայի արևմուտքում ու հեռու է քրդաբնակ շրջաններից, սակայն համարվում է կարևորագույն քաղաք՝ խորհրդարանում ձայներ ապահովելու համար:

Բազմաթիվ թուրքեր, սակայն, անվստահորեն են մոտենում Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը՝ քուրդ ապստամբների հետ դրա կապերի վերաբերյալ կասկածների պատճառով: Կուսակցության գրասենյակում փակցված է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի նկարը: Ու թեև Աշխատավորական կուսակցությունը երկու տարի է զինադադար է հայտարարել և ներգրավվել խաղաղության գործընթացում, այն դեռևս մնում է խոչընդոտ թուրքերի ձայները ստանալու համար:

Իզմիրը թուրք ազգայնականների կենտրոններից է համարվում, սակայն խաղաղության երկու տարիները կարող են փոխել դիրքորոշումները:

«Մենք չենք կարող այլևս ատելության լեզվով խոսել Իզմիրում: Այսօր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը բոլոր այլ կուսակցությունների հետ մասնակցում է ընտրություններին: Սա աննախադեպ է, հրաշքի պես մի բան», - ասում է էրթուղրուլ Քուրքջուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG