Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր սկսվեց Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովը, որին մասնակցելու համար այստեղ են ժամանել Եվրամիության խոշորագույն երկրների «ծանրքաշային» ղեկավարները՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եվրակառույցների բոլոր ղեկավարները:
Այստեղ են նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների առնվազն երեք նախագահներ, մեկ վարչապետ, երկու արտգործնախարար:
Ռիգա է ժամանակ նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ադրբեջանը ներկայացել է միայն արտգործնախարարի մակարդակով: Արտգործնախարարի մակարդակով է ներկայացել նաև Բելառուսը:
Արդեն շրջանառության մեջ է դրվել գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի տեքստը, որի չորրորդ կետը նվիրված է Ուկրաինայի ամբողջականությանը: Նշվում է, մասնավորապես, որ գագաթնաժողովի մասնակիցները աջակցում են բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Ուկրաինայում լարվածության թուլացմանը՝ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա:
Եզրափակիչ փաստաթղթի չորրորդ կետում կա մի հատված, որը վերաբերում է Եվրամիության դիրքորոշման վերահաստատմանը «Ղրիմի և Սևաստոպոլի ապօրինի բռնակցման» մասին:
Այս ձևակերպմանը՝ «Ղրիմի և Սևաստոպոլի ապօրինի բռնակցում», իրենց առարկությունն են հայտնել Հայաստանի և Բելառուսի պատվիրակությունները:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող այս երկու երկրները, բնականաբար, ցանկացել են աջակցել իրենց գործընկերոջն այդ կառույցում՝ Ռուսաստանին:
Եզրափակիչ փաստաթղթում հատուկ կետ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ․ նշվում է, որ այն պետք է կարգավորվի միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա: Հարկ է նշել, որ այստեղ միջազգային իրավունքի որևէ սկզբունք չի առանձնացվում․ նշված չէ, թե հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Պարզապես նշվում է, որ Եվրամիությունը աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Հայաստանը, կարծում եմ, այս առումով որևէ առարկություն չի ունենա այս հարցում: Գուցե Ադրբեջանը ունենա: Բայց առայժմ Ադրբեջանից որևէ արձագանք չենք լսել:
Նշենք, որ այստեղ տեղի կունենա Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում:
Գագաթնաժողովում հիմնական իրադարձությունները տեղի կունենան վաղը: