Հունիսին հանրապետության երեք խոշոր բուհերում սպասվում են ռեկտորի ընտրություններ: Պետական բժշկական համալսարանում թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվեց այսօր, գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը մրցակից չունի: Շուրջ 170 պրոֆեսոր ու ակադեմիկոս ունեցող մայր բուհում ևս այս պահի դրությամբ առաջադրված միակ թեկնածուն 9 տարի բուհը ղեկավարող Արամ Սիմոնյանն է: Երկու ռեկտորներն էլ պնդում են՝ մեղավոր չեն, որ այլ թեկնածուներ մրցույթին չեն մասնակցում:
«Ես ոչ մի կերպ չեմ նպաստել, որ լինեմ միայն ես: Ոչ ոք չի խոչընդոտել դիմողների ցանկությանը: Ընտրություն, դա միայն էդ մրցույթը չի, ընտրություն նաև ապրած կյանքն ա», - ասաց Միքայել Նարիմանյանը:
Մինչդեռ կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը պնդում է՝ ռեկտորների ընտրությունը ձևական բնույթ է կրում, ու բուհի կառավարման խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներն են իրականում որոշում, թե ով պետք է ղեկավարի բուհը:
Բախշյանը հիշեցնում է՝ ԵՊՀ-ի կառավարման խորհրդի ղեկավարը նախագահ Սերժ Սարգսյանն է, Բժշկական համալսարանինը՝ ԿԳ նախարար և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ Պոլիտեխնիկինը՝ նախկին ԱԺ նախագահ, այժմ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
«Երբ բուհերի խորհրդի նախագահները իշխող քաղաքական կուսակցության էլիտան են, վերջից ներքև ուղղորդվում է ընտրությունը՝ նախագահի ընտրություն, խորհրդարանական ընտրություն: Սա շատ հզոր միջոց է՝ ապահովելու ընտրությունը՝ գյուղապետից սկսած հանրապետության նախագահից վերջացրած», - ասաց Անահիտ Բախշյանը:
Մայր բուհի ռեկտորը չի ժխտում՝ հոգաբարձուների խորհրդում բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը կարևոր է: Սիմոնյանը վստահ է, որ եթե բուհի կառավարման խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի փոխարեն լիներ որևէ պրոֆեսոր, կամ ակադեմիկոս, ապա համալսարանի ղեկավար կազմի պատասխանատվության զգացումը կնվազեր:
«Հանրապետության նախագահի՝ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու հանգամանքը միշտ օգնել է մեզ, նախ՝ որովհետև նա միշտ ականջալուր է եղել մեր ծրագրերին, ես անձամբ զգացել եմ այդ օգնությունը: Ես կարծում եմ, որ դա վերահսկողությունը օգնում է համալսարանի ղեկավարությանը ճիշտ աշխատելու»
Ռեկտորների առաջիկա ընտրություններում առայժմ մրցակից ունի միայն Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը․ այսօր ընտրություններում առաջադրվել է նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Չնայած վերջին շրջանում իր անվան հետ կապված սկանդալներին, Թոքմաջյանը վստահ է, որ կհաղթի: Նույն վստահությունն ունեն նաև ռեկտորների մյուս թեկնածուները: Արամ Սիմոնյանն ասում է՝ կհաղթի, ոչ միայն որովհետև վայելում է նախագահ Սերժ Սարգսյանի, այլ նաև ուսանողների աջակցությունը:
«Ես կարծում եմ, որ կարող ուժ եմ որպես ռեկտոր, և կարող եմ շատերից շատ ավելի լավ աշխատել այս պաշտոնում: Ես ունեմ փորձ, ես ունեմ կենսագրություն՝ անցած բոլոր փուլերով համարյա համալսարանական պաշտոնների, և ինչո՞ւ ես պիտի չունենամ երկրի ղեկավարության բարեհաճ վերաբերմունքը», - նշեց Արամ Սիմոնյանը:
Բուհերի մոտ այսօր մեր անցկացրած հարցումները, սակայն, ցույց տվեցին՝20 ուսանողներից որևէ մեկը տեղյակ չէր ռեկտորների առաջիկա ընտրության, առավել ևս՝ դրանց արդյունքների վրա իրենց հնարավոր ազդեցության մասին․ - «Առաջին անգամ ենք լսում, ճիշտն ասած»: