Այսօր Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ վերընտրվեց Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը: Նրա թեկնածությունն առաջադրեց «Հայրենիք» խմբակցությունը, այլ խմբակցություններից առաջադրումներ չեղան:
Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի միակ թեկնածուն «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանն էր, նրա թեկնածությունը ևս առաջադրեց «Հայրենիք» խմբակցությունը:
«Ազատության» հարցին, թե ինչու խորհրդարանում ներկայացված ամենամեծ ուժը՝ «Ազատ հայրենիքը» Ազգային ժողովի ղեկավար պաշտոններում կուսակիցներին չառաջադրեց, խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ասաց, թե դա կուսակցությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է:
Ավելի վաղ «Ազատ հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների նախագահներ Արայիկ Հարությունյանը և Աշոտ Ղուլյանը համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ պայմանավորվելով խորացնել համագործակցությունը՝ «համաձայնեցված որոշումների քննարկման և ընդունման, այդ թվում՝ խորհրդարանի մշտական մարմինների ձևավորման հարցերում»:
«Դաշնակցություն»-ը այդ հուշագրին չի միացել, սակայն, պատգամավոր Դավիթ Իշխանյանի խոսքով, իրենք կշարունակեն համագործակցել իշխանական կուսակցությունների հետ:
«Սակայն սա չի նշանակում, որ «Դաշնակցության» և մյուս երկու կուսակցությունների միջև համագործակցությունն ավարտված է: Մենք ունենք համագործակցության լուրջ դաշտ և այդ համագործակցությունը շարունակվելու է երեք կուսակցությունների միջև», - ասաց Դավիթ Իշխանյանը:
Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ»-ից ու «Շարժում-88»-ից Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահի ու հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրումներ չեղան:
«Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանն ասաց՝ ձևական մրցակցություն ապահովելու խնդիր չունեն, Աշոտ Ղուլյանի թեկնածությանն էլ դեմ է քվեարկել քանի որ, նրա խոսքով, Ղուլյանի ղեկավարությամբ նախորդ գումարման խորհրդարանը Սահմանադրության պահանջը չի կատարել:
Նշենք, որ 2006-ին ընդունված Սահմանադրության մեջ ասվում է, որ մայր օրենքի ընդունումից հետո Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում պետք է համապատասխանեցնի գործող օրենքները Սահմանադրության հետ:
«Սահմանադրությունը Ազգային ժողովին պարտավորեցրել էր օրենսդրական դաշտը հստակեցնել՝ տալով կոնկրետ ժամանակ՝ երկու տարի: Այդ ընթացքում, ըստ իս, Սահմանադրության նորմը ի կատար չի ածվել», - ասաց Էդուարդ Աղաբեկյանը:
Աղաբեկյանը հարցը բարձրացրեց նաև նիստի ժամանակ՝ Ղուլյանից հետաքրքրվելով, թե ինչ է արվել օրենքի այդ պահանջը կատարելու համար:
«Այդ աշխատանքը մի մեծ մասով, կարելի է ասել, կատարվել է: Ես չեմ ուզում հիմա թվային ցուցանիշներով ասել, բայց կարող ենք ասել, որ 90 տոկոսից ավելի մեր օրենսդրությունը համապատասխանեցված է մեր երկրի Սահմանադրությանը, պարզապես մենք ունենք հարցեր, որտեղ քաղաքական կարևոր որոշումների կարիք կա, և այստեղ խնդիրը ոչ միայն օրենսդրությունը երկրի Սահմանադրությանը համապատասխանեցնելու մեջ է, այլև մեր երկրի քաղաքացիների իրավունքների և պարտականությունների ճիշտ չափաբաժինը սահմանելու մեջ», - ասաց Աշոտ Ղուլյանը։
Ղարաբաղի վարչապետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել «Ազատ հայրենիք»-ի առաջնորդ Արայիկ Հարությունյանը, որի կառավարության ծրագիրը Ազգային ժողովը կքննարկի հունիսի 12-ին: