Վաղը Հայաստանի ավագ դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը։ Այդ կապակցությամբ Ոստիկանությունը կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից, «հասարակական վայրերում լինել զուսպ ու հարգալից միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, ոգելից խմիչք չօգտագործել, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված ժամերին և պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները»:
«Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ. ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:
Վաղը Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում:
«Նախորդ տարի «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում չի արձանագրվել և ոչ մի անցանկալի միջադեպ: Դա բոլորիս ձեռքբերումն է: Այս օրերին ևս հանուն մեր երեխաների անվտանգության Ոստիկանությունը դրսևորելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն և անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ՝ ակնկալելով շրջանավարտների, ծնողների, մանկավարժների, ողջ հասարակության միասնությունը, ըմբռնումն ու աջակցությունը», - հայտարարում է Ոստիկանությունը։