Հայաստանում սկսված սահմանադրական բարեփոխումների ֆոնին Լեռնային Ղարաբաղում ևս քաղաքական ուժերը չեն բացառում կառավարման մոդելը փոխելու հնարավորությունը: 2006 թվականին ընդունված Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտության մասին մինչև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը հայտարարել էր իշխող «Ազատ Հայրենիք»-ի առաջնորդ, վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պնդելով, որ իրենց նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն է: Թե կոնկրետ ինչպես են պատկերացնում բարեփոխումները, իշխանական ուժերը դեռ չեն մանրամասնում, բայց մի բանում վստահ են․ Հայաստանի ու Ղարաբաղի կառավարման համակարգերը չպետք է իրարից տարբերվեն:
Խորհրդարանի խոսնակ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծում է․ եթե անգամ տարբերություններ լինեն, դրանք չպետք է խանգարեն Հայաստանի ու ԼՂ-ի միջև համագործակցությանը․ - «Դա ավելի լուրջ քննարկումների կարիք ունի: Ես կարծում եմ, որ մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձնահատկությունները․ այս իրավիճակում՝ ռազմական դրության իրավիճակում, անվտանգության հարցերի հետ կապված, այս հարցերը չեն կարող աննկատ լինել»:
Ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Վարդգես Բաղեյանի խոսքով, այս հարցի շուրջ կուսակցությունում արդեն քննարկումներ եղել են, բայց դեռ չեն որոշել՝ որ մոդելն է ավելի նախընտրելի Ղարաբաղի համար․ - «Առայժմ վաղաժամ է այդ մասին որևէ կոնկրետ տեսակետ արտահայտել»:
Ղարաբաղի Դաշնակցականները Հայաստանի իրենց կուսակիցների նման առավել ընդունելի են համարում կառավարման խորհրդարանական մոդելը:
«Դաշնակցության համար միշտ էլ ընդունելի է եղել պարլամենտական համակարգը: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում սահմանադրական բարեփոխումների ֆոնի վրա Դաշնակցության ոչ միայն Հայաստանի կառույցի տեսակետը, այլ նաև Դաշնակցության ընդհանուր տեսակետն է՝ Հայաստանում ունենալու կառավարման պարլամենտական համակարգ: Կարծում եմ՝ նույն տեսակետը նաև համահունչ է Արցախի համար », - ասաց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Դավիթ Իշխանյանը:
Թե ինչու է Ղարաբաղի պարագայում դա ավելի ընդունելի, Իշխանյանն առայժմ չի մանրամասնում:
Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, մինչդեռ, հիշեցնում է, որ Ղարաբաղը նախկինում արդեն մեկ անգամ եղել է խորհրդարանական հանրապետություն: Կառավարման այդ մոդելը, սակայն, ըստ նրա, իրեն չի արդարացրել, հատկապես պատերազմի շրջանում, երբ որոշումների ընդունումը բավականին դանդաղում էր:
Թեև հնարավոր փոփոխությունների շուրջ լայն քննարկումներ դեռ չեն սկսվել ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ դրանց վերջնական ելքը կախված է Հայաստանում այս հարցի շուրջ ընթացող զարգացումներից:
«Ես կարծում եմ, որ Հայաստանը մեծ ազդեցություն ունի՝ այստեղ որոշումներ ընդունելու վրա՝ հատկապես իշխանական ուժերի որոշումների վրա, և հետևաբար՝ առանց Հայաստանի պաշտոնական «դաբրոյի» այստեղ որևէ որոշում չի ընդունվի», - ընդգծեց Խանումյանը: