Այսօր բելառուսական դատարանը սկսել է «Եվրոպական Բելառուս» քաղաքացիական շարժման ակտիվիստ Մաքսիմ Վինյարսկիի նկատմամբ վարչական կալանք սահմանելու պահանջով ոստիկանության հայցի քննությունը:
Ըստ ոստիկանության կազմած վարչական արձանագրության՝ ակտիվիստը վիրավորել է ոստիկանին, նրան ասել՝ «վամպիր»:
Մայիսի 15-ին Մաքսիմ Վինյարսկին փորձել է ժամանակավոր պահման մեկուսարանի տարածքում ներկա ոստիկանների միջոցով պարզել, թե որտեղ, որ խցում է իր գաղափարակից ընկեր (ավելի ուշ ազատ արձակված) Լեոնիդ Կուլակովը և ինչպես է հնարավոր հանդիպել նրան: Ոստիկանի արձագանքը դարձել է վիճաբանության առիթ: Ակտիվիստը ոստիկանին անվանել է վամպիր:
Այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ Մաքսիմ Վինյարսկին հայտարարել է, որ ոստիկանի հասցեին հնչեցրած բառը վիրավորական չէ, քանի որ, ըստ բելառուսական բացատրական բառարանի, «վամպիր» բառի բացատրությունն է՝ դաժան, չար մարդ: Ապա ավելացրել է, որ ինքը ոստիկանի տվյալ պահվածքը գնահատել է այդ բառի նշանակությանը համապատասխան:
Լեսիցա ազգանունով ոստիկանը, որը բաժանմունքում զեկուցագիր է գրել իրեն վիրավորված զգալու մասին, այսօր չի ներկայացել դատարան:
Մաքսիմ Վինյարսկին, նախքան հայցվոր ոստիկանի պնդումները լսելը, դատարանին միջնորդել է նշանակել դատալինգվիստիկական փորձաքննություն, որը հնարավորություն կտա պարզել, թե բելառուսական բացատրական բառարանում առկա «վամպիր» բառը ինչպես պետք է մեկնաբանի դատարանը և կարող է արդյոք այն որակել իբրև վիրավորանք՝ նկատի ունենալով հայցի հիմքում առկա փաստական տվյալները:
Դատարանը ակտիվիստի միջնորդությունը պետք է քննի վաղը: