Մատչելիության հղումներ

ԱՄՀ․ Հայաստանում տնտեսական անկում, էական գնաճ է սպասվում


ԱՄՆ - Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնակայանը Վաշինգտոնում
ԱՄՆ - Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնակայանը Վաշինգտոնում

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի՝ տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող ութ երկրների շարքում անգամ Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում:

Առաջիկա մեկուկես տարիներին տնտեսական ակտիվության անկումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կշարունակվի, պնդում են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում:

Տնտեսական անբարենպաստ միջավայրի գլխավոր պատճառները, ըստ Հիմնադրամի մասնագետների, երկուսն են` միջազգային շուկայում նկատվող նավթի գնի անկումն ու Ռուսաստանում առկա ճգնաժամը:

Զեկույցից, ի դեպ, պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի՝ տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող ութ երկրների շարքում անգամ Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ դրանցից միակն է լինելու, որտեղ 2015-ին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկում է արձանագրվելու` շուրջ մեկ տոկոսի չափով: «2016-ին ևս իրական ՀՆԱ-ի ծավալների աճ Հայաստանում չի լինի: Կանխատեսվում է զրոյական ցուցանիշ», - պնդում են զեկույցի հեղինակները:

Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում, օրինակ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների, իրական ՀՆԱ-ի աճը այս տարի կկազմի 2, իսկ հաջորդ տարի` ավելի քան 3 տոկոս: Ադրբեջանում ցուցանիշներն ավելի համեստ են, քան Վրաստանում, բայց ավելի բարձր, քան Հայաստանում․ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ այս տարի Ադրբեջանում ՀՆԱ-ի աճի տեմպը 0․6 տոկոս է կազմելու, 2016-ին` 2․5 տոկոս:

Գնաճի տեմպերը Հայաստանում առաջիկայում ևս բավական տպավորիչ են լինելու, նշում են են զեկույցի հեղինակները: Սպառողական գների աճը 2015 թվականին կկազմի 6․4 տոկոս` 2014 թվականի 3 տոկոսի դիմաց: 2016-ին, ըստ Հիմնադրամի փորձագետների, գնաճի տեմպերը փոքր-ինչ կնվազեն` կազմելով շուրջ 4 տոկոս:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները նաև արձանագրում են, որ առաջիկայում Հայաստանի տնտեսություն ավելի քիչ գումար մուտք կգործի մասնավոր տրանսֆերտների տեսքով, իսկ նավթի գնի անկումը լուրջ դրական ազդեցություն հազիվ թե ունենա` նախևառաջ տնտեսության կառուցվածքի և դրամի փոխարժեքի անկման պատճառով: «Ռուբլու հետագա թուլացումը է՛լ ավելի կնվազեցնի Ռուսաստանից ուղարկվող դրամական փոխանցումների արժեքը: Դա նախևառաջ վերաբերում է Հայաստանին, ինչպես նաև Տաջիկստանին և Ղրղըզստանին», - նշում են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները:

Ինչ վերաբերում է միջազգային շուկայում նավթի գնի նվազմանը և դրա հնարավոր ազդեցությանը դիտարկվող երկրների տնտեսությունների վրա, զեկույցի հեղինակները նշում են․ - «Հայաստանում և Ղրղըզստանում նավթի գնի անկման հնարավոր դրական ազդեցությունը չեզոքացվում է տարադրամների արժեզրկման և մրցակցության ցածր մակարդակի պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG