Մատչելիության հղումներ

Մակեդոնիայում ցուցարարները շարունակում են պահանջել վարչապետի հրաժարականը


Հակակառավարական բողոքի ակցիա Սկոպյեում, 17-ը մայիսի, 2015թ․
Հակակառավարական բողոքի ակցիա Սկոպյեում, 17-ը մայիսի, 2015թ․

Քաղաքացիները 9 տարի պաշտոնավարող վարչապետին մեղադրում են կոռուպցիայի, հովանավորչության, մի շարք օրինախախտումների մեջ:

Մակեդոնիայում բողոքի ակցիաները չեն դադարում: Արդեն երրորդ օրը զանգվածային բողոքի ակցիայի մասնակիցները մայրաքաղաք Սկոպյեում կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներով պահանջում են վարչապետ Նիկոլա Գրուևսկիի հրաժարականը:

Անցած երկու օրերին ցույցերին մասնակցել են տասնյակ քաղաքացիներ` 9 տարի պաշտոնավարող վարչապետին մեղադրելով կոռուպցիայի, հովանավորչության, մի շարք օրինախախտումների մեջ: Քաղաքացիները պնդում են, որ չեն դադարեցնի ցույցերը՝ մինչև նրա հրաժարականը: Ոստիկանությունն առայժմ ուժ կիրառելու մտադրություն չի հայտնում: Հազարավոր քաղաքացիներ կառավարության շենքի մոտ պարում են, երգում՝ շարունակելով խաղաղ հավաքները:

Ընդամենը երկու կիլոմետր հեռու՝ վարչապետի տասնյակ պահպանողական կողմնակիցները շուրջօրյա հավաքով են սատարում վարչապետին: Նիկոլա Գրուևսկիի կողմնակիցները ևս երաժշտության ձայնակցությամբ են արտահայտում իրենց աջակցությունը՝ գործադիրի ղեկավարին: Վարչապետի կողմնակիցների հավաքատեղին խորհրդարանի շենքի տարածքն է:

Նիկոլա Գրուևվսկիի հրաժարականը պահանջող ցուցարարները նրա կողմնակիցների ակցիաները բացատրում են պնդումներով, ըստ որոնց նրանց ամեն օր ակցիայի դիմաց վճարում են:

Վարչապետը միացել է իրեն աջակցողների հավաքին, շնորհակալություն հայտնել և հերքել ընդդիմախոսների հրապարակային մեղադրանքները: Մակեդոնիայի վարչապետը նաև պնդել է, որ շարունակելու է պաշտոնավարել մինչև նախատեսված ժամկետի ավարտը:

Վարչապետ Նիկոլա Գրուևվսկին և ընդդիմության առաջնորդ Զորան Զաևը Ստրասբուրգում հանդիպում են նախատեսել՝ ներքաղաքական իրավիճակի քննարկման նպատակով: Մակեդոնիայում չհանդարտվող ներքաղաքական հուզումներին վերջ դնելու հորդորով հանդես է եկել Եվրամիությունը՝ պահանջելով երկխոսություն և իրավիճակից դուրս գալուն միտված անհապաղ քայլեր: Սակայն երեկ կողմերի ներկայացուցիչների 90 րոպե տևած հանդիպումը չի նախանշել ճգնաժամի հանգուցալուծման ուղին:

Մակեդոնիայում ներքաղաքական ճգնաժամը խորացավ անցյալ տարվա ապրիլի վիճահարույց ընտրությունների հետևանքով: Ճգնաժամը նոր թափ հավաքեց մոտ 10 օր առաջ ոստիկանության և էթնիկ ալբանացիների փոխհրաձգություններից հետո, որի հետևանքով 18 մարդ էր սպանվել: Էթնիկ ալբանացիները կազմում են Մակեդոնիայի՝ ավելի քան 2 միլիոն բնակչության մեկ քառորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG