Մատչելիության հղումներ

Թատրոնի հանդիսատեսը այսօր «առաջին հերթին հացի խնդիր է լուծում»


Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրեն, դրամատուրգ Նելլի Շահնազարյանի փոխանցմամբ՝ թատրոն հաճախողների թիվը նվազում է:

«Անցյալ և նախանցյալ տարիների համեմատությամբ նվազում նկատում ենք», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Շահնազարյանը: - «Դա կապ ունի, ըստ իս, և՛ բնակչության նվազեցման, և՛ բնակչության սոցիալական վիճակի հետ: Նաև գովազդի հետ: Թատրոն հիմնականում մտավորական խավն է գալիս, և այսօր մտավորական խավը ապրում է շատ ծանր վիճակում․․․Այս ամենօրյա թանկացումները, ամեն ինչը թանկանում է: Այսինքն մեր հանդիսատեսը առաջին հերթին լուծում է հացի խնդիր»:

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, այժմ տնօրենի խորհրդական Նիկոլայ Ծատուրյանի խոսքով՝ Հայաստանում «մի քաղաքականություն է տարվում, որպեսզի հասցնեն իր ավարտին՝ Հայաստան առանց հայերի»․ -«Շատ լավ ծրագրված գնում է առաջ: Դե որ բոլորը գնում են, վիճակը սոցիալական բարդացնում են, մարդիկ չեն հասցնում իրենց հանապազօրյա հացը վաստակել․․․ ի՞նչ թատրոն, ի՞նչ բան»:

Ծատուրյանը վատ է համարում, որ Կրթության և գիտության նախարարությունն այլևս չի թույլատրում տոմսեր կամ աբոնեմենտներ վաճառել դպրոցներում՝ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնելով․ ­-«Ընդհանրապես ենք հանդիսատեսին կորցնելու, որովհետև մեզ հրամայված է երեխաներին հանկարծ թատրոն չբերել: Թող չկարդան, թող արվեստի հետ չշփվեն»:

Նա նաև ուշադրություն հրավիրեց մեր թատրոնում մենեջեր-կազմակերպչի բացակայությանը․ -«Փոխանակ մենք վերցնենք, գտնենք տասը հոգի, ուղարկենք Մոսկվաներ, Ֆրանսիաներ, ոչինչ, մի քիչ փող թող ծախսեն, այնտեղ սովորեն: Տասը հոգուց որ երկուսը վերադառնան, գոնե այդ երկուսը կաշխուժացնեն այս կյանքը»:

Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, Սունդուկյանի անվան թատրոնի գրական մասի վարիչ Սոնա Մելոյանի համոզմամբ՝ այսօր ամենաշատը ունենք ժամանակակից թատրոնի պահանջ, քանի որ մեր թատրոնն այսօր հնաբույր է, հնաոճ․ - «Հայ թատրոնը մոտ 150 տարով հետ է մնացել կյանքից․․․ Այն, ինչ որ հայ թատրոններում այսօր արվում է, պետք չէ միանգամից ասել, թե հանդիսատեսը բութ է: Ես գիտեմ բազմաթիվ շատ լավ երիտասարդների, որոնք այսօր չեն նայի այդ ներկայացումը, որովհետև նրանց հետաքրքիր չէ, և ճիշտ է, որ հետաքրքիչ չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG