Այսօր մեկնարկեց Արգիշտի Կիվրիյանի դեմ հերթական՝ արդեն իններորդ դատավարությունը։
Այս անգամ ոստիկանները պահանջում են Կիվիրյանին տուգանել Պերմյակովին Հայաստանին հանձնելու պահանջով ակցիայի ժամանակ իրենց օրինական պահանջը չկատարելու համար։
Հունվարի 15-ին Ռուսաստանի դեսպանատնից երթով շարժվելով դեպի Գլխավոր դատախազություն՝ Կիվիրյանը չէր կարողացել մոտենալ շենքին, իրավապահները պատ կազմած փակել էին մայթը։
«Ես ապօրինի բերման եմ ենթարկվել ՀՀ ոստիկանություն, ընդ որում ապօրինի բերման եմ ենթարկվել այդ օրը երկու անգամ։ Մեկը Գլխավոր դատախազության դիմացից, մյուսը՝ երեկոյան Ազատության հրապարակից։ Ոստիկանների պահանջը այն էր, որ ես դատախազության դիմաց բողոքի ակցիա չիրականացնեմ՝ այն պարագայում, երբ դա իմ իրավունքն է, թե որտեղ կիրականացնեմ իմ բողոքի ակցիան և իմ պահանջը»,- ասաց Կիվիրյանը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը անձամբ է տեսել՝ ինչպես են դատախազության մոտից Արգիշտի Կիվիրյանին նստեցրել ոստիկանական մեքենա։
«Կիվիրյանը մայթով հանգիստ գալիս էր դեպի դատախազություն, և այնտեղ նրան բավական կոպիտ ձևով թույլ չտվեցին այդպես անցնել՝ առանց որևէ հիմնավորման։ Փաստորեն նրան անօրինական բերման ենթարկեցին։ Դա եղել է իմ աչքի առաջ։ Տվյալ դեպքում այս հերթական վարչական վարույթով, իմ համոզմամբ, ինչպես նախորդների դեպքում, ցանկանում են Արգիշտի Կիվիրյանին ուղղակի խեղճացնել»,- ասաց իրավապաշտպանը։
Նույն օրը՝ արդեն երեկոյան, իրավապաշտպան Իշխանյանն ինքն էր բերման ենթարկվել Ազատության հրապարակից, երբ Ավետիսյանների հիշատակին մոմավառությանն էր մասնակցում: Կիվիրյանը նույնպես հասցրել էր գալ Ազատության հրապարակ՝ երեք ժամ ոստիկանությունում պահվելուց հետո, բայց այստեղ էլ ընդամենը րոպեներ է անցկացրել ազատության մեջ։
«Մեզ զոռով բոլորիս լցրել են ոստիկանության ավտոմեքենաները և տարել են Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժանմունք։ Ես այնտեղ հրաժարվել եմ ավտոմեքենայից դուրս գալ։ Մի քանի ժամ ավտոմեքենայում պահելուց հետո մեզ բաց են թողել»,- պատմեց Կիվիրյանը։
Այս մասով, սակայն, իրավապահները Կիվիրյանից որևէ պահանջ չունեն: Ակտիվիստն այսօր ինքը հակընդդեմ հայց ներկայացրեց՝ վիճարկելով ոստիկանների գործողությունների օրինականությունը։ Ասում է՝ հայցը իր դեմ իրականացվող հետապնդումների շարքից է։
«Խլում են իմ ժամանակը, փորձում են քայքայել իմ նյարդային համակարգը, ստեղծել անախորժ վիճակները։ Եթե իրենց ձեռքը ճար լիներ, ամեն կերպ կփորձեին ինձ զրկել նաև ազատությունից։ Այս ամբողջը վկայում է այն մասին, որ իրենք փորձում են ամեն կերպ լռեցնել ինձ և խոչընդոտել իմ հասարակական գործունեությունը»,- ասաց նա։
Կիվիրյանի փաստաբանը համոզված է՝ երեք ժամով մեկուսացնելով ընդամենը փորձել են ցույցը խափանել։
Ավետիք Իշխանյանն ասում է՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոստիկանը կարող է հնչեցնել ցանկացած պահանջ՝ անվանելով այն օրինական.- «Մայթով մարդը հանգիստ քայլում է, ոստիկանն ասում է՝ ոչ, այսպես չպետք է քայլես, այլ այնպես քայլես։ Ի՞նչ հիմնավորմամբ։ Ընդհանուր բառը գտել են՝ «ոստիկանության օրինական պահանջը», բայց որևէ բացատրություն չկա, թե դա որն է»։
Ի դեպ, դատավարությունը մեկնարկեց միջադեպով. 35-ամյա դատավոր Ալեքսանդրա Հարությունյանն արգելեց նկարահանել նիստը, քանի որ ոստիկանության ներկայացուցիչը պատճառաբանում էր, թե կաշկանդվում է։ Գործընկերները պատմել են, որ իր նկարը նիստերից հետո սոցիալական ցանցերում է հայտնվում, ինչը ոստիկանին դուր չի գալիս։