Մատչելիության հղումներ

Օբաման արգելել է ոստիկաններին ռազմական սպառազինությունից օգտվել


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման որոշել է արգելել երկրի ոստիկանությանն օգտվել զրահապատ տրանսպորտային միջոցներից, սվիններից, հրացանային նռնականետերից և խոշոր տրամաչափի հրազենից: Այս քայլով նա փորձում է բարձրացնել վստահության աստիճանը բնակչության և ոստիկանների միջև։

«Երբ համայնքները կենսունակ չեն, երբ մարդիկ չունեն բավարար հույսի և հնարավորության զգացում, դա կարող է հանցագործություններ և անկարգություններ առաջացնել: Մենք տեսանք դա Բալթիմորում, Ֆերգյուսոնում և Նյու Յորքում», - ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Ըստ Բարաք Օբամայի, ոստիկաններն այսուհետ պարտավոր կլինեն համազգեստին ամրացված տեսախցիկներով շրջել, ինչը թույլ կտա ավելի պարզ գնահատել յուրաքանչյուր ոստիկանի գործողությունների օրինականությունը։

«Ռազմական սարքերը որոշ դեպքերում մարդկանց տալիս են անտեղի իշխանության զգացողություն, մինչդեռ իրական իշխանությունը պետք է առաջանա իրենց համայնքներում լավ ծառայություն իրականացնելուց: Այդ ամենը կարող է ահաբեկել տեղի բնակիչներին: Այսպիսով՝ մենք պատրաստվում ենք արգելել ոստիկաններին օգտագործել որոշ տեսակի սպառազինություն, որը նախատեսված է պատերազմի, այլ ոչ ոստիկանների համար», - ասել է Օբաման։

Նշենք, որ որոշ ոստիկաններ, այդ թվում՝ Բալթիմորի ոստիկանության խոսնակ Էրիկ Քովալչյուկն արդեն հայտարարել են, որ կարիք չունեն նախագահ Օբամայի կողմից արգելված ռազմական տեսակի սպառազինությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG