Մատչելիության հղումներ

Որոշ բուհեր Գյումրի տեղափոխելու առաջարկը մտահոգություն է առաջացրել


Որոշ բուհեր Գյումրի տեղափոխելու առաջարկը մտահոգություն է առաջացրել
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

Քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի անդամ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի առաջարկը՝ որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ, մտահոգություն է առաջացրել։

Անցած շաբաթավերջին ճարտարապետն առաջարկել է ՀՀ երկրորդ քաղաքը զարգացնելու համար մի քանի ԲՈՒՀ Գյումրի տեղափոխել, իսկ դրանց երևանյան շենքերն էլ օգտագործել այլ նպատակներով։

«Արդյունքում Երևանն էլ կբեռնաթափվի», - ասում է ճարտարապետը։ - «Քաղաքի կենտրոնը նոր կառուցապատումներից զերձ պահելու համար, եթե մենք բեռնաթափում ենք բուհական համակարգի շենքերը, դրանք կարող են վերածվել այլ բնույթի, և այդ նույն գումարներով վերակառուցվում է նոր բուհական համակարգ»:

Գուրգեն Մուշեղյանը որպես օրինակ բերեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը՝ ընդգծելով, որ այն Գյումրի տեղափոխելու դեպքում թե՛ քաղաքը կշահի, թե՛ ուսանողն ու ԲՈՒՀ-ը․ - «Մեր բուհերը այսօր բոլորը զրկված են սպորտային ծառայություններից: Եթե ֆիզկուլտինստիտուտը, ենթադրենք, տեղափոխվում է այնտեղ, նա ունենում է մեծ բազա»:

Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, մինչդեռ, առաջարկն աբսուրդ է որակում։ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց հետ նման հարց չի քննարկվել․ - «Այնտեղ ի՞նչ պայմաններ կան: Լենինականում դեռ հազարավոր մարդիկ տեղ չունեն ապրելու: Նրանց մասին է հարկավոր մտածել: Ճարտարապետները պետք է այդ հարցերը բարձրացնեն: Այսօր 400-500 աբիտուրիենտ ենք ընդունում, որից 70 տոկոսը Երևանից և Երևանին մոտ գտնվող շրջաններից են: Խնդրում եմ, թող այդ մարդիկ գան, տեսնեն այս շենքում ինչպիսի մարզադահլիճներ ունենք, ինչպիսի հագեցվածությամբ են զբաղվում»:

ԲՈՒՀ-ը Գյումրի տեղափոխելու առաջարկին դեմ էին նաև «Ազատության» հարցմամբ ընդգրկված Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դասախոսների ու ուսանողների մեծամասնությունը։

Մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի դասախոս Արթուր Մարտիրոսյանը ևս վստահ է, որ իրենց ուսումնական հաստատությունը տեղափոխելու ծրագիրը չի կարող իրագործվել․ - «Բուհը ընդհանրապես միայն շենք-շինություն չէ: Նաև գաղափար է ամփոփում․․․ Նույնիսկ եթե Ալեք Մանուկյանի փողոցից տեղափոխես մի ուրիշ փողոց, ինքը չի գործի»:

Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նախարարության հետ ԲՈՒՀ-երի տեղափոխման առաջարկը չի քննարկվել․ - «Եվ մոտ ապագայում նախանշված չէ»:

Ի դեպ, դեռ 2013 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում ակնարկել էր, թե Մշակույթի նախարարությունը կարող է տեղափոխվել Գյումրի: Այդ տարիներին շրջանառվում էր նաև Սպորտի և Գյուղատնտեսության նախարարությունների տեղափոխման հարցը, ինչը, սակայն, առայսօր չի իրագործվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG