Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող Լեռնային Ղարաբաղի հարցում լուրջ փոխզիջման գնալ, «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց հայտնի վերլուծաբան, Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի դասախոս Փոլ Գոբլը:
Խոսելով ղարաբաղյան գործընթացի ներկայիս և անցյալ փուլերից՝ վերլուծաբանը նշեց, որ բանակցային այժմյան փուլը հիմնովին տարբերվում է 15 տարի առաջ առկա իրավիճակից, երբ թվում էր, թե Քի Ուեսթի կամ Փարիզի հանդիպումների արդյունքներով կողմերի միջև կարող է նույնիսկ որևէ փաստաթուղթ ստորագրվել:
Ըստ Գոբլի, գոյություն ունեցող կարևոր տարբերություններից մեկը Ադրբեջանի նախկին նախագահն էր. - «Հաշվի առնելով իր եզակի դերը՝ Հեյդար Ալիևն ընկալվում էր Ադրբեջանում որպես մի մարդ, ով Ադրբեջանը միավորեց և պետություն կառուցեց: Նա իրոք կարող էր լուրջ փոխզիջման գնալ ղարաբաղյան հարցում, ավելին՝ նա դրա մասին հայտարարում էր Քի Ուեսթի ու Փարիզի հանդիպումների ընթացքում»:
Ի տարբերություն հոր՝ Իլհամ Ալիևը շատ ավելի է կախված Ադրբեջանում գործող տարբեր ուժերից, համոզված է վերլուծաբանը: «Համոզված չեմ, որ Ադրբեջանի ներկա նախագահը ունի փոխզիջման գնալու նույնքան հնարավորություն: Կարծում եմ՝ Իլհամ Ալիևն ավելի շատ է կախված տարբեր ուժերի շահերից և դրա պատճառով չի կարող հեշտությամբ գնալ այն փոխզիջումներին, որոնք հնարավոր էին իր հոր համար», - ասաց Գոբլը:
Մյուս տարբերությունը, ըստ նրա, այն է, որ խոշոր խաղացողների ազդեցության աստիճանը զգալիորեն փոխվել է վերջին շրջանում: Մասնավորապես, Ռուսաստանն իրեն շատ ավելի հզոր է զգում և Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդելու շատ ավելի մեծ հնարավորություններ է տեսնում:
«Գոյություն ունի առնվազն մեկ ուժ, որը չի ցանկանում, որպեսզի խնդիրը կարգավորվի, և որը շահում է խնդրի չկարգավորված լինելուց: Դա Ռուսաստանի Դաշնությունն է, որը շահում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության առկայությունից», - հայտարարեց վերլուծաբանը:
Փոլ Գոբլի կարծիքով՝ եթե ղարաբաղյան հակամարտությունն այսօր կարգավորվեր, Մոսկվայի ազդեցությունը Բաքվի ու Երևանի վրա զգալիորեն կթուլանար:
«Մոսկվայի համար Կովկասում Վրաստանն ուղին է, Հայաստանը՝ գործիքը, իսկ Ադրբեջանը՝ շահումը՝ նավթի և Ռուսաստանի ու Իրանի միջև մայրցամաքային սահման ապահովելու պատճառով: Այսինքն, եթե Մոսկվային հաջողվի հասնել Բաքվում արմատական քաղաքական փոփոխության և Ադրբեջանը Ռուսաստանին ենթարկել, Ռուսաստանը պատրաստ է Հայաստանը զոհաբերել հանուն դրա», - շեշտեց Գոբլը:
Վերջին տարբերությունը, ըստ վերլուծաբանի, այն է, որ այսօր Արևմուտքի և Ռուսաստանի միջև վատթարացող հարաբերությունների պայմաններում ասպարեզ են գալիս այլ խնդիրներ, որոնք խոշոր պետությունների համար ավելի կարևոր են, քան Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որն այդ պարագայում երկրորդական է դառնում: