Մատչելիության հղումներ

6 տարվա ընթացքում կառուցվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի միայն առաջին 31 կմ-ի բետոնե ծածկը


6 տարվա ընթացքում կառուցվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի միայն առաջին 31 կմ-ի բետոնե ծածկը
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00

Այսօր Ազգային ժողովում լսումներ էին՝ հասկանալու համար, թե «Հյուսիս-հարավ» ծրագրի որ մասն է իրականացվել և ինչպես:

Նախատեսված ավելի քան 550 կիլոմետրանոց բարձրակարգ ավտոճանապարհից իրականացման վեց տարիների ընթացքում պատրաստ է միայն առաջին 31 կիլոմետրի բետոնե ծածկը: Արտաշատից Երևան, Երևանից Աշտարակ ձգվող այդ հատվածը նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել: Հայ-վրացական սահմանից մինչև հայ-իրանական սահման ձգվող ռազմավարական նշանակության ճանապարհը նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2020 թվականը, ինչի համար կպահանջվի շուրջ 1.5 միլիարդ դոլար:

Այժմ, ըստ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանի, բանակցություններ են վարում նաև Իրանի ու Վրաստանի հետ, որ նրանք ևս միանան ծրագրին: Տարածաշրջանում ակտիվացող Իրանի հետ այժմ հուշագիր է պատրաստվում:

«Տեղեկացնեմ, որ հանդիպումների ընթացքում Իրանի Ջուլֆա բնակավայրից այս առաջին կարգի ճանապարհը արդեն իսկ կառուցվել է և արդեն կառուցվում է դեպի Հայաստանի սահման։ Հուսով եմ, շուտով մենք կստորագրենք այդ հուշագիրը»,- ասաց փոխնախարարը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության Լևոն Զուրաբյանը այսօր ևս, ինչպես Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, հարց բարձրացրեց՝ որտե՞ղ է Իշխան Զաքարյանը: Հենց Վերահսկիչ պալատն էր 2013 թվականի զեկույցում բարձրաձայնել «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության չարաշահումների մասին: Զեկույցում ծրագրի վերահսկողությունը խայտառակ էր գնահատվել, բետոնը՝ անորակ, հիմքի հաստությունը տասն անգամ բարակ, ջրահեռացման համակարգը ավելի շատ ջրագոյացման համակարգ էր հիշեցնում, շինարարության գինը ուռճացվել էր՝ մոտ 83 տոկոսով:

Զուրաբյանը «գլամուրային» որակելով կառավարության այսօրվա հաշվետվությունը, նկատեց՝ այդպես էլ չտրվեց իրենց հուզող հարցերի պատասխանը՝ ի՞նչ է արվել չարաշահումների կապակցությամբ: Մյուս կողմից այսօր ներկայացված հաշվարկները չնախատեսված ծախսերի վերաբերյալ էլ ավելի են ամրապնդում ընդդիմադիրների կասկածները։

«Այս ամեն ինչի գնահատականը պետք է տրվի, որովհետև խոսքը գնում է աննախադեպ ծավալի յուրացումների, թալանի մասին»,- ասաց Զուրաբյանը։

Ի՞նչ է արվել այն հատվածների հետ, որտեղ Վերահսկիչ պալատը հայտնաբերել է չարաշահումներ, հարցրեց Զուրաբյանը՝ առաջարկելով նաև առանձին լսումներ կազմակերպել միայն այդ հարցի վերաբերյալ:

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը տվեց նույն պատասխանը, ինչ ամիսներ առաջ.- «Թերությունները արձանագրված են եղել, ոչ մի կոպեկ գումար դրանց դիմաց վճարված չի եղել։ Եվ այս պահի դրությամբ, երբ ճանապարհը արդեն կառուցված է, բնականաբար, շտկված են»։

Հավելյալ ծախսերի մեջ էլ քողարկված սխեմաներ չկան, ասաց Առաքելյանը.- «Նշված թվերը, իհարկե, առաջին հայացքից առաջացնում են տպավորություն, որ այդտեղ քողարկված ինչ-որ բաներ կան, բայց վստահեցնում եմ, որ շինարարների համար դա շատ պարզ և մատչելի բաներ են»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ կատարվող չարաշահումների հիմքը անցկացվող մրցույթներն են.- «Հաճախ պրոցեսը այնպիսին է, որ ինչ-որ շահադիտական նպատակներով մտնեն ընկերություններ գործի մեջ և նրանք էլ իրենց ստացած գումարներից փայ հանեն գնումների պրոցեսը կազմակերպողներին։ Կարծում եմ՝ դեռ այդ սխեման չի փոխվել»։

Շինարարական գիտությունների դոկտոր, ամերիկահայ գործարար Միսակ Թեբելեքյանը, որ մասնագիտացած է հենց բետոնային շինարարության ոլորտում, ասում է՝ գործընթացները թափանցիկ չեն, հայաստանյան մասնագետներն էլ որևէ կերպ չեն ներգրավվում։

«Հանրությունը, որը հարկ վճարողն է, պետք է իրավունք ունենա մասնակցելու։ Ես չեմ ասում ամեն մեկը, որ չի հասկանում, այլ մասնագետներ, որ կարող են այդ հարցը բարձրացնել»,- ասում է նա։

Ծրագրի իրականացման համար Հայաստանն արդեն իսկ վերցրել է շուրջ 750 միլիոն դոլարի վարկ, բանակցում է ևս շուրջ 550 միլիոնի վերաբերյալ։ Ֆինանսական ռեսուրսների մեծ մասը տրամադրել է Ասիական զարգացման բանկը: Բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոլիին հարցրեցինք՝ իրեն չեն մտահոգո՞ւմ դահլիճում բարձրացված խնդիրները: Ասաց՝ որևէ նոր մտահոգություն այս քննարկման ընթացքում ի հայտ չեկավ, իսկ բանավեճը կառուցողական էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG