Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով վերջերս ավարտված դատաբժշկական և գենետիկ փորձաքննությունները տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին թույլ են տալիս, որ ընտանիքի հայրը փորձել է դիմադրել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ։
Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանների հարսը՝ 24-ամյա Արաքսյա Պողոսյանը` փորձելով պաշտպանել գրկում գտնվող 6 ամսական որդուն։
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց փորձաքննության մանրամասները։
«Ինքնաձիգի փողի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, ինչը նշանակում է, որ նա փողից հասցրել է բռնել։ Բացի այդ՝ խզակոթի վրա ևս հայտնաբերվեց նրա ԴՆԹ-ն, ինչը, ամենայն հավանականությամբ, մեզ թույլ է տալիս ենթադրել, որ կրակող անձը փորձել է խզակոթով հարվածել։ Եվ հարվածել է նրան, որովհետև քերծվածքներ կային նրա վրա, որոնք արդեն, մեր պատկերացմամբ, պատճառվել են հենց խզակոթով։ Ակնհայտ երևում է դատաբժշկական եզրակացությամբ, որ պապիկը փորձել է պայքարել»,- ասաց փաստաբանը։
Ընտանիքի դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, ըստ ամենայնի, չի էլ հասցրել շարժվել։ Երկու կրակոցն էլ արձակվել է գլխին։ Ընտանիքի մյուս անդամները, ըստ փորձաքննության արդյունքների, արթնացել, սակայն չեն հասցրել վեր կենալ անկողնուց։
Կատարված փորձաքննությունները իրավահաջորդի ներկայացուցիչներին թույլ են տալիս հայտարարել, որ Ավետիսյանների վրա կրակ է բացել այս գործով միակ մեղադրյալ, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Միևնույն ժամանակ փաստաբաններն ընդգծում են, որ այս փորձաքննություններով չի բացառում վարկածը, թե նա կարող էր միայնակ չլիներ Ավետիսյանների տանը։
«Մենք ունենք կոնկրետ զենք, զենքի վրա հայտնաբերված Պերմյակովի ԴՆԹ-ն։ Զենքի միջոցով կատարվել է գործողություն, մասնավորապես, Սերյոժա Ավետիսյանին դրանով հարվածներ է հասցվել, նաև հնարավոր պայքարի մասին վկայող հանգամանք կա։ Մենք ունենք սվին դանակ, որով կատարված գործողության փաստը հաստատված է։ Դրանք մեզ հուշում են, որ կոնկրետ այդ գործողությունները կատարվել են Վալերի Պերմյակովի կողմից»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պնդում են՝ ժամանակն է, որ հայ և ռուս իրավապահների կողմից առանձին-առանձին քննվող գործերը միացվեն։ Նրանք ասում են, որ առանց դրա հնարավոր չէ օբյեկտիվ քննություն իրականացնել և բացահայտել ողջ եղելությունը։ Լուսինե Սահակյանն ասում է՝ մինչև հիմա հայտնի չէ ողջ ընտանիքի սպանդի դրդապատճառը, ինչո՞ւ է մեղադրյալը նման քայլի գնացել։
Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ազատությանը» փոխանցեցին՝ հայկական և ռուսական կողմերը դեռ քննարկում են ռուս իրավապահների վարույթում գտնվող գործը հայկական կողմին հանձնելու հարցը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Դեռ փետրվարին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այս հարցով իր ռուս գործընկերոջը նամակ էր հղել։ Պատասխանից ևս դեռ տեղեկություններ չկան։
Մինչ Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչները պնդում են, թե սպանությունը դիտավորյալ էր, բայց դեռ խուսափում են խոսել պատվիրված լինելու մասին, հարազատների կասկածները ավելի են խորանում։
«Ազատության» հետ զրույցում Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ասաց՝ Պերմյակովը միայնակ չէր կարող Սերյոժա Ավետիսյանին վնասվածքներ պատճառել, փեսան կարող էր պաշտպանվել, համոզված է նա.- «Հնարավոր է Պերմյակովն է կատարել, բերել-քցել են, ասել են՝ պիտի անես, բայց գլխին կանգնող է եղել, որովհետև հնարավոր չէր, որ մարդասպանը իր գործը աներ, հաներ, հագուստը դներ, թողներ-փախներ։ Եթե եկել էր, որ էդ ամեն ինչը աներ, հագուստը թողներ ու հանձնվեր, էլ ինչի՞ համար էր փախչում»,- հարցնում է սպանվածի քույրը։