Մատչելիության հղումներ

Հայաստանը պատմականորեն պատկանում է Եվրոպային


Եվրախորհրդարանի պատգամավոր, լրագրող և բլոգեր Տրայան Ունգուրյանու, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի մոլդովական ծառայության արխիվից
Եվրախորհրդարանի պատգամավոր, լրագրող և բլոգեր Տրայան Ունգուրյանու, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի մոլդովական ծառայության արխիվից

Եվրոպական ինտեգրման հարցի լուծման բանալին Բրյուսելում է, ընդգծում է Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավորը:

Մեկ շաբաթից գումարվում է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը, որի ընթացքում Եվրամիությունը կարող է ստորագրել Հայաստանի հետ նոր փաստաթուղթ։ Այն, իհարկե, տարբերվելու է Ասոցացման պայմանագրից, որից Հայաստանը հրաժարվել է։

Արևելյան գործընկերության վեցնյակը, փաստորեն, բաժանվել է երկու եռյակի` Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, չնայած Ռուսաստանի ճնշումներին, շարունակում են առաջ գնալ եվրաինտեգրման ճանապարհով, Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը հետ են մնացել։

Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, Ռումինիայի լիբերալ դեմոկրատական աջակենտրոն կուսակցությունը ներկայացնող Տրայան Ունգուրյանուի համոզմամբ՝ Բրյուսելում կա Հայաստանի խնդիրների շատ սխալ ըմբռնում։ Այն ծագել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վճռից հետո, Եվրամիությունում շատերը չեն գիտակցում, որ այդ վճիռն ընդունվել է զուտ պրագմատիկ դրդապատճառներով և Ռուսաստանի հուժկու ճնշումների արդյունքում։

«Դա ընկալվել է իբրև յուրօրինակ դավաճանություն, ինչը, իմ համոզմամբ, բացարձակ սխալ է։ Հայաստանը անհրաժեշտ է դիտել իր քաղաքական և ռազմավարական խնդիրների ամբողջ համատեքստում։ Եվ որևէ պարագայում չի կարելի կասկածի տակ առնել Հայաստանի մշակութային, պատմական, կրոնական խորը կապը Եվրոպայի հետ», - ասել է Ունգուրյանուն և ավելացրել. - «Այս տեսակետից կան շատ քիչ երկրներ, որոնք իրապես պետք է ունենան եվրոպական հեռանկար, Հայաստանը պատմականորեն պատկանում է Եվրոպային»։

Ըստ ռումինացի քաղաքական գործչի, եվրոպական ինտեգրման խնդիրը հարկ է պահել օրակարգում, այն փաստը, որ Հայաստանն արել է ոմանց տեսակետից «սխալ ընտրություն», չի նշանակում, թե Բրյուսելը չպետք է պահպանի Հայաստանի հետ ակտիվ, իրական երկխոսություն, որի վերնանպատակը եվրոպական հեռանկարն է լինելու։

«Որքա՞ն հեռու կգնա Ռուսաստանը նախկին խորհրդային տարածքում եվրոպամետ միտումները լռեցնելու գործում»․ - Տրայան Ունգուրյանուն շատ հստակ պատասխան է տալիս այդ հարցին. - «Այնքան հեռու, որքան Եվրոպան թույլ կտա: Քանի դեռ Բրյուսելից, Փարիզից, Լոնդոնից, Բեռլինից հասնում են հստակ քայլերից խուսանավելու մասին վկայող ազդակներ, Մոսկվան վստահ շարունակում է այսօրվա քաղաքականությունը»։

Ունգուրյանուի խոսքով՝ լուծման բանալին Բրյուսելում է, այստեղ պետք է կայացնեն վճռական քայլեր։

Նրա համոզմամբ՝ ուսանելի է Մոլդովայի փորձը, այդ երկիրը հաղթահարել է բոլոր ճնշումները, կատարել է իր «տնային աշխատանքը»։ Արդյոք Ռիգան կընդունի կարևոր որոշումներ՝ Ունգուրյանուն համոզված չէ, բայց հույսեր ունի։

Նրա խոսքերով՝ անցել են ժամանակները, երբ Բրյուսելը կարող էր բավարարվել լղոզված ու ոչինչ չասող բանաձևերով այն մասին, որ մենք ունենք ընդհանուր տեսլական, ընդհանուր ապագա, հիմա Մոլդովային և Արևելյան գործընկերության մնացած երկրներին անհրաժեշտ է եվրոպական հստակ հեռանկար, քանի որ Ռուսաստանը սպառնում է այդ երկրների բուն գոյությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG