Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում նորակոչիկներին սովորեցնում են խլացնել կամ արգելափակել արբանյակային ռադիոազդանշանները և բջջային հեռախոսակապը:
Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի շտաբը հայտնում է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետները ժամանել են Գյումրի՝ մեկնարկող հավաքին մասնակցելու նպատակով:
«Նորակոչիկները սովորելու են խաթարել պայմանական հակառակորդի ռադիոցանցային կապերը», - նշված է երեքշաբթի օրը Հարավային օկրուգի շտաբի տարածած հաղորդագրությունում:
«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով այդ հաղորդագրությունը, փոխանցում է, որ պայմանական հակառակորդի կապի համակարգը խլացնելու նպատակով մշակվելու են ռադիոխաթարիչներ տեղադրելու գործողություններ:
Զինծառայողները նաև պետք է 30 կիլոմետր շառավղով հայտնաբերեն և արգելափակեն բջջային ու արբանյակային կապի ավելի քան երկու հազար ազդանշաններ: Այդ նպատակով օգտագործվելու են կապի խաթարման ավտոմատացված կայաններ, նշված է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի հաղորդագրությունում: