«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացնում է «Այլևս երբեք» ծրագիրը՝ եվրոպական հեղինակավոր կինոփառատոներին կազմակերպելով Ցեղասպանությանը թեմայով ֆիլմերի ցուցադրություն:
Այսօր հրավիրած ասուլիսում «Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, թե «Այլևս երբեք» ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Տարեսկզբին մեկնարկած առաջին փուլը կավարտվի հունիսի վերջին կայանալիք Մոսկվայի միջազգային կինոփառատոնից հետո: Դրանք կհաջորդի այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ոսկե Ծիրան»-ը, որից հետո կիրագործվի ծրագրի երկրորդ փուլը:
Արդեն կայացած ցուցադրությունների կապակցությամբ Հարություն Խաչատրյանն ասաց․ - «80-90 տոկոսն օտարազգիներ էին, որոնք հետաքրքրված էին Հայաստանի պատմությամբ, և հատկապես հետաքրքրված էին Ցեղասպանության ճշմարտությունը իմանալու: Ֆիլմերը կարծես թե բավարարեցին բոլորի հետաքրքրությունը: Լավագույն թերթերում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Բելառուսիայի, Բուլղարիայի տպվեցին լուրջ հոդվածներ Ցեղասպանության և Ցեղասպանության մասին ֆիլմերի մասին»:
Այս ծրագիրն իրականացվել է նաև Ստամբուլի միջազգային կինոփառատոնում:
«Ոսկե Ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն ասաց․ - «Ստամբուլի կինոփառատոնն էր նախաձեռնել այս ծրագիրը․ մեզ հետ բանակցում էր ֆիլմերի ցանկի և ֆիլմերի վերաբերյալ: Իրենց կողմից որոշվեց ծրագիրը կոչել «Հարյուրամյա ցավ», ներմուծել փառատոնի ծրագրի մեջ: Եվ այդ խորագրի տակ ցուցադրվեցին ֆիլմեր, որոնք առնչվում էին հայկական հարցի հետ»: