Մատչելիության հղումներ

Թաներ Աքչամ․ Թուրքիան ապագայում պատրաստ կլինի ճանաչել և հարգել հայերի պահանջները


Պրոֆեսոր Թաներ Աքչամ, արխիվ
Պրոֆեսոր Թաներ Աքչամ, արխիվ

Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս երբեք հարցականի տակ չի դրվելու, այսպիսի համոզմունք հայտնեցին Վաշինգտոնում ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ ազգի վերածննդին նվիրված եզրափակիչ միջոցառման մասնակիցները:

Ամերիկահայ լրագրող Լարա Սետրակյանի խոսքով, հայ ազգն ապացուցեց իր ուժն ու տոկունությունը․- «Ապագայում մենք մեր գլուխն ավելի բարձր կպահենք, ավելի ամուր կկանգնենք և ավելի քիչ կտխրենք»:

Միացյալ Նահանգներում անցած միջոցառումներն ապացուցեցին նաև, որ հայ ժողովրդին աջակցում է աշխարհի ամբողջ առաջադեմ մարդկությունը, համոզված է Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:

Գործարար Սերոբ Դեմիրճյանը, որը Վաշինգտոն է ժամանել Քլիվլենդից, համոզված է, որ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անցած միջոցառումներն էլ ավելի միավորեցին ամբողջ ամերիկահայությանը:

«Իրոք եզակի օրեր էին: Դեպի Վաշինգտոն ամբողջ ճանապարհի ընթացքում մենք հայրենասիրական երգեր էինք երգում և միմյանց հետ հաց կիսում»,- ասաց նա:

Եզրափակիչ երեկոյի ընթացքում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպչական կոմիտեի ղեկավար, ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը պարգևատրեց Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած և ցեղասպանության ճանաչմանը նպաստած անձանց և կազմակերպություններին: Հերոսների թվում էին Միացյալ Նահանգների Կոնգրեսը, ինչպես նաև նախագահներ Վուդրո Վիլսոնն ու Ռոնալդ Ռեյգանը: Ռեյգանի նախագահական հիմնադրամի տնօրեն Ջոն Հեբուշի խոսքով՝ Ռեյգանը երբեք չի կասկածել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մեջ:

«Նախագահ Ռեյգանը որոշեց իր նախագահության օրոք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ նա մարդու իրավունքներին վերաբերող հարցերին չափազանց լուրջ էր մոտենում և Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևորագույն հարցերից էր իր համար», - ասաց Հեբուշը:

Մեծարվեցին նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն և նորվեգացի գիտնական ու ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը: Հենրի Մորգենթաուի թոռ Հենրի Մորգենթաու Երրորդի խոսքով, իր պապն ուրախ կլիներ տեսնել հայ ժողովրդի վերածնունդը․- «Հայերի փրկության հետ կապված աշխատանքներն իմ պապը համարում էր իր կյանքի կարևորագույն գործը և հպարտ էր դրա համար»:

Հայաստանի կառավարության կողմից Միացյալ Նահանգներին հատուկ շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոնն ու Բրադ Շերման իրենց կողմից ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:

«Չկա ավելի կարևոր բան, որ Ամերիկան կարող է անել թուրք ժողովրդի համար, քան օգնել նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ճանաչել սեփական պատմությունը, և ժամանակակից ազգ դառնալ»,- ասաց Փալլոնը:

Շերմանի խոսքով՝ ցեղասպանության հերքումը հաջորդ ցեղասպանության կատարման առաջին քայլն է․- «Թուրքիան չի լինի ժամանակակից, առաջադեմ, բաց երկիր, չի լինի Միացյալ Նահանգների արժանի դաշնակից մինչ չճանաչի սեփական պատմությունը»:

ԱՄՆ նավատորմի նախկին ղեկավար և պաշտպանության նախկին փոխնախարար Փոլ Իգնատիուսը նշեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Թուրքիան իր հերթին բոլորովին այլ պետության է վերածվում, հավատում է Իգնատիուսը:

«Ես հավատում եմ, որ թուրք ժողովուրդը սկսում է փոքր-ինչ ազատել մտքերը, սկսած թուրք լրագրողներից, որոնք առաջինը խոսեցին Հայոց ցեղասպանության մասին»,- նշեց նա:

Ելույթ ունեցողները հատուկ շնորհակալություն հայտնեցին այն թուրք հերոսներին, որոնք ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի կյանք էին փրկել, ինչպես նաև՝ նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մրցանակակիրներից մեկը, թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ Թաներ Աքչամը նշեց, որ ժամանակակից Թուրքիան նոր պետության է վերածվում, որը պատրաստ կլինի ապագայում ճանաչել և հարգել հայերի պահանջները:

«Ես գիտե՛մ, թե Արարատն ու Անին ձեզ համար ի՛նչ է նշանակում», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG