Վրաստանում անցկացված վերջին հարցումները վկայում են, որ այդ երկրի քաղաքացիների համար առաջնային կարևորություն ունեն սոցիալական խնդիրները, իսկ արտաքին քաղաքականության առումով գերադասում են Եվրոպան:
Ըստ Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) հարցումների, վրացիների 68 տոկոսը կողմ է Եվրամիության հետ ինտեգրմանը, դեմ է 16 տոկոսը:
Հարցումները ցույց են տալիս, որ վրացիների մեծամասնությունը անվտանգության առումով գերադասում է ՆԱՏՕ-ն: «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ հարցվածների 65 տոկոսը պաշտպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Վրաստանի կառավարության դիրքորոշումը, դեմ է 20 տոկոսը:
Ինչ վերաբերում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը, ապա հարցվածների մեծամասնությունը՝ 41 տոկոսը դեմ է ԵՏՄ-ին անդամակցելուն, կողմ է մոտ 31 տոկոսը:
Ժողովրդավարության ազգային ինստիտուտը փորձել է ճշտել նաև Վրաստանի քաղաքացիների կարծիքները ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Ավելի քան երեք անգամ ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնց պնդմամբ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, այսինքն Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ուժի՝ իշխանության գալուց հետո իրենց ընտանիքների սոցիալական վիճակը վատթարացել է: Նման կարծիք է հայտնել հարցվածների 34 տոկոսը, 2013-ին այս կարծիքին էր 10 տոկոսը:
Հարցվածների 11 տոկոսն ասել է, որ 2012 ընտրություններից հետո ավելի լավ են ապրում, իսկ 55 տոկոսի մոտ փոփոխություն չկա:
Ներքին խնդիրների շուրջ հարցերը կենտրոնանում են Իվանիշվիլիի հաղթանակից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակի վրա: Այսպես՝ աշխատատեղերի հետ կապված կարծիքները գրեթե հավասար են, 46 տոկոսն ասել է, որ 2012 խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը վատթարացել է, իսկ 47 տոկոսի կարծիքով՝ իրավիճակը չի փոխվել, միայն 4 տոկոսի կարծիքով են աշխատատեղերն ավելացել:
Հարցվածների 23 տոկոսը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, բացասական գնահատականը ավելի շատ է: 37 տոկոսի կարծիքով Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում, իսկ 31 տոկոսը կարծում է, որ երկրի սխալ զարգացման ուղղությունը չի փոխվել:
Վրացիների գերակշիռ մասի՝ 66 տոկոսի կարծիքով՝ ազգային ամենահիմնական խնդիրը աշխատանքն է: 43 տոկոսը հիմնական խնդիր են համարել ինֆլյացիան, աղքատությունը որպես հիմնական խնդիր նշել է 39 տոկոսը, իսկ Վրաստանի տարածքային ամբողջականությունը հիմնական հարցերի շարքում չորրորդն է, այս տեսակետին է հարցվածների 27 տոկոսը:
Վրացիները բոլորովին կարևոր չեն համարել փոքրամասնությունների իրավունքներն ու մամուլի ազատությունը, համենայնդեպս, այս երկու խնդրի շուրջ հարցման արդյունքը զրո է: