Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառումների մասնակիցները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Քաղաքային հուշահամալիրում զինվորական նվագախմբի նվագակցությամբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի Պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ:
Հայաստանի վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին, ասված է հաղորդագրությունում: