Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահը կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը


Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հրեական ողջակիզման թանգարան այցելեց, որտեղ ծանոթացավ Հոլոքոսթի պատմությանն ու հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:

Թանգարանի ավագ խորհրդական Արթուր Բերգերի խոսքով, թանգարանում ներկայացված է Հոլոքոսթի ամբողջ պատմությունը՝ ֆաշիստական ռեժիմի առաջին օրերից մինչև դրա անկումը: «Մենք փորձում ենք մարդկանց պատմության զգացում տալ, պատմել, թե ինչպես է այն տեղի ունեցել», - ասաց նա:

Թանգարանը, սակայն, ներկայացնում է այդ ժամանակաշրջանի ոչ միայն ամենամութ, այլև՝ ամենալուսավոր էջերը: Այսպես, առանձնակի հարգանքով է պահվում Հոլոքոսթի տարիներին հրեաներին փրկած մարդկանց հիշատակը: «Հայերին լավ ծանոթ կլինի, թե որքան բարդ է փրկությունն ապահովել: Իրոք, շատ քչերն էին պատրաստ փրկել, բայց այդ եզակիներն իրոք հերոսներ են», - նշեց Բերգերը:

Իր գրառման մեջ նախագահ Սարգսյանն ընդգծեց. - «Սա մի վայր է, որն իր պատերի ներքո ամփոփում է խորը թախիծ և միաժամանակ հույսի մեծ շող՝ շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունն ընդդեմ անցյալի ժխտմանն և քողարկմանը»: Սերժ Սարգսյանի կարծիքով՝ թանգարանն անգնահատելի ներդրում է՝ որպես ապահով անցյալի լուռ, բայց` խոսուն երաշխավոր:

Այցի ընթացքում Հայաստանի նախագահին ներկայացվեցին ինչպես հրեաներին փրկած հայերի պատմությունները, այնպես էլ Հիտլերի հայտնի խոսքերով առանձին պատը, որին գրված է. - «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին»:

«Հայաստանի նախագահի այցն անչափ կարևոր է, քանի որ հյուրընկալել Հայաստանի նման եզակի պատմություն ունեցող երկրի նախագահին մեծ պատիվ է: Այս այցը նաև ցույց է տալիս նախագահի հարգանքը մեր նկատմամբ», - նշեց Արթուր Բերգերը:

Այցի ավարտին թողած իր գրառման մեջ Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ մարդկության դեմ հանցագործությունների մասին պատմող թանգարանները «հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու և դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»:

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքը, որին հազարավոր քաղաքացիների հետ միասին կմասնակցեն Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ ու օրենսդիրներ և որի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի նախագահը:

ԱՄՆ-ի փոխնախագահի գրասենյակից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնեցին, որ Ազգային մայր տաճարում կայանալիք միջոցառմանը ներկա է լինելու Միացյալ Նահանգների երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան՝ փոխնախագահ Ջո Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG