Ֆրանսիայի խորհրդարանը վերջերս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց մի որոշում, որն օրինականացնում է այս երկրում ահաբեկչության մեջ կասկածյալ անձանց նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը։
«Սա մի օրինագիծ է, որը պահպանում է մեր հիմնական ազատությունները, որը, սակայն, հետախուզությանը տալիս է հավելյալ միջոցներ՝ ահաբեկչության սպառնալիքի դեմ ավելի արդյունավետ պայքար ծավալելու համար», - հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։
Սակայն եթե օրենքի այս նախագծին կողմ են Ֆրանսիայի քաղաքական կուսակցություններից շատերը, կան այլոք, ովքեր հարցականի տակ են դնում նման օրենքով ահաբեկչության դեմ պայքարելու հնարավորությունը։
Վերլուծաբանների խոսքով, արմատական խմբավորումները իրենց կողմն են գրավում երիտասարդ այն մահմեդականներին, ովքեր դժգոհ են իրենց կառավարություններից։
«Ամերիկայի մահմեդական համագումար» կազմակերպության անդամներից Զաինաբ ալ-Սուվայիջի խոսքով, մահմեդականների շրջանում ամենամեծ վտանգն այն է, որ նրանց շարունակ փորձում են վստահեցնել, թե Արևմուտքի նպատակը արաբական ու մահմեդական երկրների ոչնչացումն է, և որ դրա համար ամենամեծ թշնամին Իսրայելն է։
«Այս ուղերձը միշտ եղել է այդ երկրների դպրոցների, մամուլի ու քաղաքական հավաքների գլխավոր միտքը։ Դրա արդյունքում են ծնվում արմատական քաղաքական կուսակցությունները, արմատական խմբավորումները։ Ուզում եմ նրանց ասել, որ մեր նպատակն ամենևին դա չէ, և որ նրանց ապագան մեր ապագայի հետ է», - ասել է Զաինաբ ալ-Սուվայիջը։
Վերլուծաբանների խոսքով, ռազմական խմբավորումներին պարտության մատնելու և ահաբեկչական խմբավորումները կազմալուծելու հանգամանքը միայն խնդրի ժամանակավոր լուծումներ են։ Նրանք կարծում են, որ մահմեդական արմատականությունը լիովին վերացնելու համար հարկավոր է օգնել չափավոր մահմեդական համայնքներին և երիտասարդ մահմեդականներին տալ կյանքում հաջողության հասնելու ավելի լայն հնարավորություններ։