Մատչելիության հղումներ

Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու օրենսդրական փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու օրենսդրական փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00

Երեկվա բուռն քննարկումներից հետո այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության առաջարկած օրենքների նախագծերի փաթեթը:

ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը» դեմ քվեարկեցին, «Բարգավաճ Հայաստանը» և Դաշնակցությունը՝ ձեռնպահ։

Քվեարկությունից առաջ Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն ասաց, որ խնդիրներ կան, բայց օրինագիծը վատը չէ, ընդամենը՝ աղավաղված տեսքով է ներկայացվել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայնեց՝ Կառավարության առաջարկը սխալ է հասկացվել․ - «Միգուցե խորհրդարանն իր մեղքը ունի, որ չկարողացավ նաև Կառավարության ներկայացուցիչը հավուր պատշաճի ներկայացնել, թե իրականում նախագիծը ինչի մասին է»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, արդեն երկրորդ օրը պնդում է, որ Կառավարությունը խախտել է կանոնակարգը և Ազգային ժողովին ժամանակ չի տվել նախագիծը քննարկելու համար:

Երեկվանից նախագիծը կոշտ քննադատող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր էլ պնդում էր՝ իր համար դեռ անհասկանալի են Կառավարության առաջարկած փոփոխությունները, դրանց նպատակներն ու ներկայացված պարզաբանումները։ Փոփոխություններով նախատեսվում է, որ Հայաստանում գրանցված կազմակերպությունը, որը շինարարական ծառայություններ կմատուցի, օրինակ, Ռուսաստանում, հարկերը կփոխանցի գրանցման երկիր՝ այսինքն Հայաստան։ Նախկին վարչապետը մտահոգված է․ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, որ օրինակ Ռուսաստանը տեղյակ է այս մասին: Բագրատյանը պնդում է․ եթե Կրեմլը չհամաձայնի, արտագնա աշխատանքի մեկնած շինարարները հարկվելու են և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում։ Մյուս լուրջ վտանգն էլ ըստ Հրանտ Բագրատյանի հարկերի տարբերակումն է: Կառավարությունը առաջարկում է դրսում աշխատողների համար հարկը իջեցնել, խթանելով արտագաղթը, պնդում է տնտեսագետը։

«Ստացվում է, որ եթե դու հայրենիքում ես աշխատում՝ 26 տոկոս է, եթե հայրենիքից դուրս ես աշխատում՝ 13 տոկոս է», - ասում է նա:

Բագրատյանի հետ համաձայն է նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, նրա խոսքով առաջին հայացքից միտքը լավն է, Հայաստանի բյուջե հավելյալ գումար է մտնելու, բայց դրանից զատ, հետևանքների մասին է պետք մտածել․ - «Փող հավաքելու համար ինքը խտրականություն չի դնում որևէ միջոցի նկատմամբ: Որևէ մեթոդ, որը կարող է անգամ Հայաստանը դատարկել, Հայաստանի անվտանգությունը խաթարել, ինքը խնդիր չունի դրանց հետ»:

Ռուսաստանի և այլ երկրների հետ խնդիրներ չեն լինի, միջազգային համաձայնագրերն ուսումնասիրել են, վստահեցնում է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Կառավարությունը շարունակում է պնդել, որ այս փոփոխությամբ նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանի բյուջեն հարստացնելու համար։ Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ տարբերակված հարկումը ճիշտ չէ, Միրումյանն ասաց՝ տնտեսական իրավիճակից ելնելով երբեմն պետք է շեղվել տնտեսագիտության դասական կանոններից․ - «Հիմա ո՞րն է մեզ համար ձեռնտու՝ պահպանել դասական տնտեսագիտական կանոնները և չօգտագործե՞լ այդ հնարավորությունը, թե՞ այնուամենայնիվ օգտագործել այդ հնարավորությունը»:

Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ երկրում և երկրից դուրս աշխատողներին տարբեր չափով հարկելը հակասահմանադրական է: Հրանտ Բագրատյանը հայտարարեց՝ պետք է Սահմանադրական դատարան տանել առաջարկը։

Կառավարության առաջարկած այս փոփոխության վերաբերյալ այսօր մտահոգություն է հայտնել նաև արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա առաջարկը վիճահարույց է որակել և հարց բարձրացրել, թե որքանո՞վ է համահունչ տարբերակված հարկումը մրցակցության սկզբունքին։

XS
SM
MD
LG