Մատչելիության հղումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Գոհար Ենոքյանի հարցով միջնորդությունը


Դատախազությունն ուսումնասիրում է Գոհար Ենոքյանի հարցով միջնորդությունը
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00

Գլխավոր դատախազությունը ստացել է 37 պատգամավորների ստորագրություններով դիմումը, որով օրենսդիրները միջնորդում են վերացնել նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի արգելանքը և նրան ազատ արձակել:

Ենոքյանը, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ: Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ պատգամավորների միջնորդությունն ուսումնասիրվում է: Միջնորդությունը երեկ ներկայացրած Էլինար Վարդանյանն ասում է՝ ինքը, Նաիրա Զոհրաբյանը, նաև հանրապետական Հերմինե Նաղդալյանը այցելել են Ենոքյանին, նա լուրջ առողջական խնդիրներ ունի:

«Բնականաբար, այս միջնորդությունը իրավական հետևանքներ չի ենթադրում, բայց այն, որ միջնորդությանը միացել են բազմաթիվ պատգամավորներ, գոնե պատշաճ վերաբերմունքի արժանի է»,- ասաց Վարդանյանը։

Թեև ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե ում սպանությունը նախապատրաստելու համար է ձերբակալվել Ենոքյանը, սակայն մամուլում շրջանառվում է ԲՀԿ-ն վերջերս լքած Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի անունը: Կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ասաց՝ գործի մանրամասներին չի տիրապետում, շրջանառվող լուրերը չի մեկնաբանի: Միակ բանը, որ պահանջում են՝ ազատ արձակել տարեց և առողջական խնդիրներ ունեցող կնոջը։

«Մեզ համար գերակա խնդիր ենք համարում, որ րոպե առաջ տիկին Ենոքյանը ազատ արձակվի։ Նա չի ընդունում այն մեղադրանքը, որում կասկածվում է, և պատրաստ է մասնակցել դատական այն բոլոր գործընթացներին և ապացուցել իր անմեղությունը»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Զոհրաբյանն ասում է՝ իրենք զերծ են կմնան քաղաքական գնահատականներ տալուց, ԲՀԿ նախկին և ներկա անդամների միջև խնդիրները կուսակցական չեն:

«Կարո Կարապետյանը՝ նախկին, Գոհար Ենոքյան գործող անդամ է, ես այստեղ որևէ քաղաքական և կուսակցական ենթատեքստ բացարձակապես չեմ տեսնում, և այն ուղղակիորեն չկա։ Ընդամենը շատ տհաճ և շատ ցավալի պատմություն է, որի հանգուցալուծումը, հույս ունեմ, որ կտա դատարանը»,- ասաց Զոհրաբյանը։

Գոհար Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է դեռ 2014 թվականին Ենոքյանի եղբոր որդու՝ Արայիկ Ենոքյանի դեմ:

«Արդեն 11 ամիս է, որ Արայիկ Ենոքյանը կալանքի տակ է, դարձյալ անօրինական կերպով է անազատության մեջ, որևէ իրական հիմք մինչև այս պահը չի ներկայացվել, որ նշված դեպքը առհասարակ տեղի է ունեցել։ Սպանության նախապատրաստության մասին է, ոչ թե փորձ, այլ նախապատրաստություն, այսինքն այստեղ գործողություն չկա, վերագրվում են ինչ-որ երևակայական հանգամանքներ՝ ենթատեքստում ունենալով բոլորովին այլ նպատակ»,- ասաց փաստաբանը։

Գոհար Ենոքյանի անունը, ըստ փաստաբանի, նախաքննության ընթացքում շրջանառվել է, սակայն նրան երբևէ չեն կանչել հարցաքննության, անգամ այն ժամանակ, երբ իրենք են միջնորդել, բայց մոտ մեկ տարի անց մեկ օրում ձերբակալել են։

«Միանգամից ծանուցագրով հրավիրեցին ՀՔԾ կասկածյալի կարգավիճակով և տեղում ձերբակալեցին»,- պատմեց Հակոբյանը։

Կարո Կարապետյանի և, ըստ շրջանառվող լուրերի, նրա սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արայիկ Ենոքյանի վեճը էլ ավելի երկար պատմություն ունի:

Դեռ 2012 թվականին Արայիկ Ենոքյանը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։ Վեճը եղել է 6 միլիոն դոլարի շուրջ, որը, ըստ մամուլի հրապարակումների, հենց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի գումարն է եղել: Արայիկ Ենոքյանը 2013 թվականին համաներմամբ ազատ է արձակվել, ամիսներ անց արդեն մեղադրվել է Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ և մինչ օրս կալանքի տակ է: Գոհար Ենոքյանի փաստաբանը պնդում է, որ 73-ամյա նախկին պատգամավորին ազատազրկելով փորձում են գումարային հարցը լուծել:

«Արայիկ Ենոքյանի հետ կապված հարցերը բացառապես գումարային, գույքային խնդիրներ են, որի համար այլ պրոցես է եղել, և գործընթացը ավարտված է, գումարներ չունի։ Տեղյակ լինելով, որ Գոհար Ենոքյանը ունի որոշակի գույք և ունեցվածք, փորձ է արվում այս եղանակով, շանտաժով... որպեսզի ինքը համաձայնի իր ունեցվածքը տա, և այդ խնդիրներ փակվեն։ Մեր պատկերացմամբ՝ սա է իրականությունը»,- ասաց Հակոբյանը։

Պատգամավոր Կարո Կարապետյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, մեր զանգին պատասխանած անձը հայտնեց, որ Կարապետյանը ՀՔԾ-ում է, ուստի չի կարող զանգին պատասխանել:

XS
SM
MD
LG