Մատչելիության հղումներ

Հայ-ամերիկյան առևտրային համաձայնագիրը «դրական կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա»


Հայ-ամերիկյան առևտրային համաձայնագիրը «դրական կանդրադառնա ՀՀ տեսության վրա»
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

«Առևտրի և ներդրումների մասին» հայ-ամերիկյան համաձայնագիրը հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությունը և դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ-ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

Ջրբաշյանի խոսքով՝ ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի (TIFA - Trade and Investment Framework Agreement) կարևոր առանձնահատկությունն այն է, որ ստեղծվելու է հատուկ խորհուրդ, որի շրջանակում կողմերը կկարողանան կարգավորել իրենց առևտրա-տնտեսական խնդիրները:

Ջրբաշյանը օրինակ բերեց՝ հայաստանյան բիզնեսը այսօր օգտվում է ԱՄՆ-ի կողմից շնորհված GSP համակարգից, ինչը ենթադրում է արտոնություններ, այդ թվում ցածր մաքսատուրքեր ամերիկյան շուկա արտահանում իրականացնող հայ գործարարների համար: Համաձայնագրի ստորագրման արդյունքում հայկական կողմը իրավունք կստանա ընդլայնել արտոնյալ պայմաններով արտահանվող ապրանքների ցանկը:

«Հայկական բիզնեսները, որոնք ուզում են արտահանել ապրանքներ ԱՄՆ, հնարավորություն ունեն բարձրացնելու իրենց խնդիրները այդ խորհրդի առջև, որը ստեղծվելու է TIFA համաձայնագրի շրջանակներում, և փորձելու են ստանալ լրացուցիչ արտոնություններ արտահանման համար»,- ասաց նա։

Տիգրան Ջրբաշյանը շարունակեց՝ հաջորդ կարևոր առավելությունն այն է, որ համաձայնագրի արդյունքում Հայաստանում ստեղծվող ամերիկյան IT ձեռնարկությունների արտադրանքը այլևս պաշտպանված կլինի ԱՄՆ-ում գործող մտավոր սեփականության համակարգով:

Սա, ըստ Ջրբաշյանի, կարող է լուրջ խթան հանդիսանալ հայաստանյան տնտեսությունում ռազմավարական նշանակություն ունեցող IT ոլորտի զարգացման համար.- «Երրորդ հարցը ներդրումների խթանման և պաշտպանության համակարգն է։ Հայկական կողմը հնարավորություն կունենա ավելի մեծ քանակով խնդիրներ բարձրացնել, ծրագրեր ներկայացնել և դրանք անցկացնել «Էքսիմ» բանկի ֆորմատով, որը ֆինանսավորում է տեխնոլոգիաների արտահանումը ԱՄՆ-ից դեպի տվյալ երկիր»։

Հայ-ամերիկյան առևտրի պալատի նախագահը հավելեց՝ նմանատիպ շրջանակային համաձայնագրեր Միացյալ Նահանգները կնքել է աշխարհի մոտ 50 երկրների, հետխորհրդային հանրապետություններից Ուկրաինայի, Վրաստանի ու կենտրոնաասիական հինգ պետությունների հետ:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, անցած տարի հայ-ամերիկյան երկկողմ առևտուրը ավելի քան 220 միլիոն դոլար էր, և այդ ցուցանիշով Միացյալ Նահանգները Հայաստանի վեցերորդ խոշոր առևտրային գործընկերն է:

Ստորագրվելիք համաձայնագիրը ողջունել են ամերիկահայ ազդեցիկ երկու կառույցները՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը:

«Ձեռք բերված առաջընթացի հիման վրա գալիք շաբաթներին ու ամիսներին ձգտելու ենք հասնել [ԱՄՆ ու Հայաստանի միջև] կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի ու ի վերջո՝ լիարժեք «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքմանը»,- Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ ասել է հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Արփի Վարդանյանը այսօր «Ազատությանը» ասաց՝ նման պայմանավորվածությունները կօգնեն զարգացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար, որը իր անվտանգությունից ելնելով պետք է ձգտի դիվերսիֆիկացնել առևտրա-տնտեսական հարաբերությունները:

«Ոչ մի երկիր չի կարող գոյատևել որպես կղզի։ Հայաստանը պետք է հարաբերությունները բարելավի այլ երկրների հետ, այսպիսի հզոր երկրի հետ հարաբերությունների բարելավումը շատ կարևոր է, միայն դռներ է բացում»,- ասաց Վարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG