Հայ անվանի գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի անունը կրող նորաբաց ցուցասրահն աստիճանաբար վերածվում է աշխույժ մշակութային կենտրոնի՝ ցուցասրահի տնօրեն, գեղանկարչուհի Զարուհի Մուրադյանի ամենատարբեր նախաձեռնությունների շնորհիվ:
Հենց այս շաբաթ էլ այստեղ բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են Մեծ եղեռնի թեմայով մեր լավագույն գեղանկարիչների աշխատանքները:
«Ես իմ պարտքն էի համարում, ես հասկանում էի, որ այս տարի Ցեղասպանության տարելիցն է, համարում էի, որ իմ պատկերասրահում պետք է ցուցադրություն լինի: Երեք ամիս առաջ նախաձեռնեցի հավաքել հայրիկիս սերնդակիցների աշխատանքները այս թեմայով: Ավաղ, շատ-շատերը պատկերասրահներում էին և շրջաններում: Երկու ամիս ես արվեստանոցներում ման եկա, մինչև որ կարողացա այս փոքրիկ հավաքածուն հայթայթել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զարուհի Մուրադյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են ոչ միայն Սարգիս Մուրադյանի, Գրիգոր Աղասյանի, Հովհաննես Զարդարյանի, Հենրիկ Սիրավյանի հայտնի աշխատանքները, այլ նաև Տիգրան Թոքմաջյանի, Հենրիկ Մամյանի, Հակոբ Հակոբյանի, Ստեփան Անդրանիկյանի, Վաղինակ Ասլանյանի և այլոց ավելի քան 35 աշխատանքներ:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ անցած դարի 60-ականների գեղանկարիչներն առաջիններից էին նախկին Խորհրդային Միությունում, ովքեր համարձակվեցին Եղեռնի թեմայով գեղանկարներ ստեղծել․ - «56 թվից հետո՝ ձնհալի տարիներին կտրուկ շարժ է տեղի ունենում, և ի հայտ են գալիս, ասենք, Հովհաննես Զարդարյանի շատ հետաքրքիր, այլաբանական գործերը նույն թեմայի վերաբերյալ»:
1958-ին ստեղծվեց Սարգիս Մուրադյանի հայտնի «Կոմիտաս․ վերջին գիշեր» կտավը:
Հարցին, թե արդյոք մեր գեղանկարիչները բավարար չափով անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային, Սարգսյանը պատասխանեց․ - «Ես այս հարցին քանակական տեսանկյունից չէի անդրադառնա, այլ որակական: Քանակի առումով կերպարվեստում պակաս չկա: Նույնիսկ ասեմ մի փոքր քննադատական երանգով՝ մի տեսակ կլիշեի է վերածվել: Եվ ոչ բոլոր արվեստագետներն են, որ Կոմիտասի կերպարին կամ Եղեռնի թեմային անդրադառնալիս դա անում են գեղարվեստական բարձր որակով, արդիական լեզվով: Երբ մի բանը դառնում է կլիշե և անընդհատ կրկնվում է, բնականաբար որակազրկվում է: Բայցևայնպես ասեմ, որ հրաշալի ստեղծագործություններ կան հենց վաթսունականներից հետո, որոնք և՛ գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում, և՛ պատմական»:
Ցուցահանդեսում ներկայացված հեղինակներից միայն մեկն է ողջ՝ Ստեփան Անդրանիկյանը:
Զարուհի Մուրադյանը նշեց, որ վաթսունականների հայ գեղանկարիչների այս հրաշալի սերունդը կարծես աստիճանաբար մոռացության է մատնվում․ - «Ես գտնում եմ, որ մոռացված են շատ նկարիչներ հիմա: Հետագայում հաճույքով կանեմ այս նույն նկարիչների անհատական ցուցահանդեսները»: